Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը ամփոփեց Երևանում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում կայացած միջկառավարական խորհրդի նիստից հետո լրագրողների համար հայտարարության ժամանակ նա նշեց, որ նիստի արդյունքներով ստորագրվել է 10 հարցից բաղկացած օրակարգ։
«Վարչապետները քննարկել են Եվրասիական տնտեսական ինտեգրման մի շարք նշանակալի հարցեր: Դրանք առաջին հերթին վերաբերում են առևտրին, մաքսային վարչարարությանը, տրանսպորտային ենթակառուցվածքներին, արդյունաբերական համագործակցությանը, միջազգային օրակարգին։ Մասնավորապես, կառավարությունների ղեկավարներին զեկուցվել է նոր առևտրային գործընկերներ գտնելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։ Հանձնաժողովը շարունակում է հետևողականորեն զարգացնել երկխոսությունը երրորդ երկրների հետ առևտրային համաձայնագրերի ցանցի կառուցման և փոխգործակցության աշխարհագրության ընդլայնման շուրջ»,- ասաց ԵՏՀ կոլգիայի նախագահը։
Նա տեղեկացրեց, որ ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարները ստորագրել են ապրանքների ընդհանուր բորսային շուկայի ձևավորման հայեցակարգը։
«Այս փաստաթուղթը կնպաստի ազգային բորսաների զարգացմանը և բիզնեսի համար վաճառքի շուկաների ընդլայնմանը: Ընդ որում, մասնակիցները հասանելիություն կստանան այն ապրանքներին, որոնց գները կձևավորվեն մրցակցային հիմունքներով։ Էներգետիկ արտադրողների բորսայական առևտուրը կհամաձայնեցվի առանձին»,- ավելացրեց նա։
ԵՏՀ կոլեգիայի նախագահը նաև տեղեկացրեց, որ այսօր կառավարությունների ղեկավարները հաստատել են էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայում տեղեկատվության փոխանակման կանոնները։
«Սա վերջին փաստաթուղթն է այն կանոնների փաթեթից, որոնք անհրաժեշտ են այս շուկայի հաջող գործունեության համար»,- հավելեց նա։
Նրա խոսքով՝ միաժամանակ Միությունում շարունակվում են համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման հիմնական ուղղությունների և փուլերի իրականացման աշխատանքները։
«Այսօր կառավարությունների ղեկավարները հավանություն են տվել 2024-2026 թվականների ճանապարհային քարտեզին։ Այսպիսով, ԵԱՏՄ-ում ձևավորվում է միասնական տրանսպորտային տարածք և տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկա»,- ընդգծեց Սագինտաևը։
Նա նաև հայտնեց, որ նիստում կառավարությունների ղեկավարները նաև սահմանել են մինչև 2030 թվականը արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները:
«Այս փաստաթուղթը սահմանում է տնտեսական գործունեության այն տեսակների ցանկը, որոնք առաջնահերթ են հնգամյա ժամանակահատվածի համար: Այն պարունակում է գերակա ոլորտների միասնական ցանկ, ներառում է 24 ուղղություններ։ Դրանք ներառում են բոլոր անդամ պետությունների համար կարևորագույն ոլորտները՝ սկսած ավիաշինությունից և տիեզերական տեխնոլոգիաներից մինչև թղթի կամ ոսկերչական իրերի արտադրություն»,- եզրափակեց ԵՏՀ կոլեգիայի նախագահը։
Կից ներկայացվում են Երևանում կայացած միջկառավարական խորհրդի նիստում ստորագրված փաստաթղթերը․
1․ Կարգադրություն «Եվրասիական միջկառավարական խորհրդի 2022 թվականի հունիսի 21-ի № 8 կարգադրության 4-րդ կետում փոփոխություն կատարելու մասին»։
2. Որոշում «Մինչև 2030 թվականը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների մասին»:
3. Կարգադրություն «Եվրասիական տնտեսական միության ապրանքների ընդհանուր բորսային շուկայի ձևավորման հայեցակարգը հաստատելու մասին»:
4. Որոշում «Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում տեղեկատվության փոխանակման կանոնները հաստատելու մասին»:
5. Կարգադրություն «Միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») մասին 2024-2026 թվականների համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրականացման հիմնական ուղղությունների և փուլերի իրականացման վերաբերյալ»։
6. Կարգադրություն «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման որոշ հարցերի մասին քաղաքացիական ավիացիայի բնագավառում»։
7. Կարգադրություն «2023 թվականին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվեգրման և բաշխման մասին»։
8. Կարգադրություն «Եվրասիական տնտեսական միության դատարանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսատնտեսական գործունեության վերստուգում անցկացնելու մասին»:
9. Կարգադրություն «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամի թեկնածությունը ներկայացնելու մասին»։
10. Կարգադրություն «Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի անցկացման ժամանակի և վայրի մասին»:
0Comments