Ներկայումս ցուցակների մեջ ընդգրկվում են բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն հաշվառում ՀՀ-ում

Ցուցակի հետ կապված ամենօրյա աշխատանք է տանում լիազոր մարմինը, և այն մշտապես հրապարակված է ԿԸՀ կայքում, որպեսզի թերություններ հայտնաբերելու դեպքում հանվեն կայքից

ՀՀ ԱԺ-ի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին» Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաշվետվության քննարկմանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հարցրեց, թե ի՞նչ քայլեր են արվում ուռճացված ցուցակների մաքրման համար:

Մինչ այդ, նա նշեց, որ ընտրողների ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2 մլն 591 276, որը բազմիցս վիճարկվել է և չի արտացոլում իրական իրավիճակը:

«Այս թվի պատճառով է, որ ընտրությունների արդյունքում մասնակցության թիվը որոշ քաղաքական ուժերի կողմից վիճարկվեց»,-ասաց նա:

Տիգրան Մուկուչյանը նշեց, որ շատ կարևոր է նկատել, թե ինչ մեխանիզմով է կազմվում ընտրողների ցուցակը:

«Ներկա օրենսդրությամբ՝  ցուցակների մեջ ընդգրկվում են բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն հաշվառում ՀՀ-ում, ՀՀ քաղաքացիներ են և անկախ հանգամանքից նրանք գտնվում են արտերկրում, թե ոչ, եթե չեն հանվել հաշվառումից, նրանց տվյալները գտնվում են բնակչության ռեգիստրում և որից էլ տեղափոխվում է ընտրողների ցուցակ»,-ասաց Մուկուչյանը:

Ըստ նրա՝ ՀՀ-ն այն եզակի երկրներից է, որ հրապարակում է ընտրողների ստորագրած ցուցակները, և դա նպատակ է հետապնդում, որ յուրաքանչյուրը ստուգի և պարզի, եթե կա կրկնաքվեարկություն, ճշգրտումներ իրականացվեն:

«Ցուցակի հետ կապված ամենօրյա աշխատանք է տանում լիազոր մարմինը, և այն մշտապես հրապարակված է ԿԸՀ կայքում, որպեսզի թերություններ հայտնաբերելու դեպքում հանվեն կայքից»,-ասաց ԿԸՀ նախագահը և նշեց, որ այն հարցադրումը, որ բարձրացվում է, վերաբերում է ցուցակի կազմման մեթոդին:

«Ոստիկանության ստորաբաժանումը, որն իրականացնում է այդ ցուցակների անընդհատ մշտադիտարկում, չի ստացել դիմում անճշտության հետ կապված: Այն երևույթները, որ կարող են լինել մարդիկ, որոնք վաղուց մահացած են, բայց նրանց անունները շարունակում են մնալ ցուցակներում, այսօր նման բան չկա և այդ ցուցակների աննախադեպ հրապարակայնությունը հենց դա է վկայում, իսկ մեթոդը օրենսդրական լուծմամբ է, որ պետք է իրականացվի»,-ասաց նա: