«Ամեն ինչ կպարզվի ուկրաինական պատերազմի արդյունքներով»․ Գարիկ Քեռյան

Մանրամասներ
Գարի Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պուտինի այցը Բաքու միանշանակ վճռորոշ նշանակություն կունենա հարավկովկասյան տարածաշրջանի քաղաքական զարգացումների առումով:

Ես կասեի ավելին, փոփոխությունները, որ նկատվում են այս այցի հետ կապված իսրայելա-ադրբեջանական և իրանա-ադրբեջանական հարաբերություններում, ցույց են տալիս, որ այն առավել լայն՝ մերձավորարևելյան նշանակություն ունի:

Այս այցի հետ կապված Հայաստանում ֆանտաստիկ վերլուծականների տարափ է: Իրարամերժ և հակասական մեկնաբանություններ և զարմանահրաշ կանխատեսումներ: Ռուսամետները, արևմտամետները և, ի վերջո, «հայամետները» եզրակացրին

1. Պուտինը եկել էր, որ Ալիևին թույլ չտա հարձակվել Հայաստանի վրա։

2. Պուտինը Բաքվում պլանավորում էր Հայաստանի վրա հարձակումը և Սյունիքի գրավումը։

3. Մոսկվա-Բաքու ամրապնդվող առանցքին հակադրել Հայաստան-Իրան-Հնդկաստան դաշինքը, իհարկե այդտեղ ընդգրկել նաև Չինաստանին և դիվերսիֆիկացնել ռազմաքաղաքական և տնտեսական հարաբերությունները ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ, ազատագրվելով ռուսական ազդեցությունից:

Այս երեք դարակազմիկ եզրահանգում-կանխատեսումների շուրջ պարզաբանումներ տալը առնվազն հինգ վեց դասախոսության թեմա է և ես իհարկե այս ֆեյսբուքյան հարթակում ի վիճակի չեմ դա անել: Բայց մի հանգամանքի վրա մեր կարկառուն քաղաքագետների ուշադրությունը ցանկանում եմ հրավիրել:

Դիվանագիտությունն ու արտաքին քաղաքականությունը պետական գործունեության ամենաքողարկված և ոչ հրապարակային ոլորտներն են: Այն, ինչ հայտնվում է մամուլում և նույնիսկ բարձրաձայնվում ամենաբարձր պետական մակարդակներով, հաճախ չեն արտացոլում բուն իրականությունը:

Իրականության տաս տոկոսն անգամ հասանելի չէ հանրությանը: Այդպես է եղել նախկինում, այդպես է նաև հիմա:

Շատ պայմանավորվածություններ և համաձայնություններ այդպես էլ մնում են գաղտնի, որովհետև բանավոր են եղել և չունեն իրավա-պայմանագրային հիմք:

Ի՞նչ են պայմանավորվել Ալիևն ու Պուտինը, գիտեն միայն երկուսով, որովհետև այն կայացել է Ադրբեջանի նախագահի բարձրակարգ զրահապատ լիմուզինի մեջ, Բաքվում մոտ մեկժամյա շրջագայության ժամանակ, որտեղ երրորդ մարդը չի եղել և հաստատ լսողական սարքեր ևս չեն եղել:

Այնպես, որ ապագա իրադարձությունները միայն ինչ որ բան կլուսաբանեն: Ես միայն երկու հայտարարության վրա եմ մտորում, որոնցից մեկը դրական է, մյուսը՝ բացասական:

Պուտինը ասաց, որ կխոսի Փաշինյանի հետ, սա լավ է:

Լավրովը մեղադրեց Երևանին համաձայնագրերը տապալելու մեջ, սա վատ է:

Լավ եղեք:

Երբեք մի վիրավորեք միմյանց այլ կարծիք ունենալու համար, ամեն մարդ դրա իրավունքը ունի, դեռ ոչինչ պարզ չէ: Կպարզվի միայն ուկրաինական պատերազմի արդյունքներով»:

Աղբյուրը` Գարիկ Քեռյան