«ԷՖԵՍ»-ի խոշոր գործարքը. 940 մլն դրամ՝ Երևանի քաղաքապետարանից. «Հետք»

Մանրամասներ
լևոն

Hetq.am-ը գրում է.

Առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանին պատկանող, մեկ տարի առաջ գրանցված «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը Երևանի քաղաքապետարանի հետ 940 մլն դրամի (939 627 220  ՀՀ դրամ) պայմանագիր է կնքել։ 

Պայմանագիրը, ըստ Armeps համակարգի, կնքվել է երկու շաբաթ առաջ՝ 2024 թվականի օգոստոսի 1-ին։ 

«ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ն 796 մլն դրամի առողջապահական ծառայություններ պետք է մատուցի Երևանի քաղաքապետարանի (ներառյալ՝ Երևանի վարչական շրջանները) և Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիմնարկների աշխատողներին։ Ծառայությունները մատուցվելու են «Առողջապահության ապահովագրության» փաթեթով։

Փաթեթը ձեռք է բերվել հրատապ բաց մրցույթով։ 

Ծառայությունների մատուցումն ու դրանց համար վճարումները պետք է կատարվեն հինգ ամսվա ընթացքում՝ 2024-ի օգոստոս-դեկտեմբերին։ Ապահովագրության այս փաթեթը նախատեսված է 16 534 մարդու համար։ 

Մատուցվող բժշկական ծառայությունների ցանկը մանրամասն թվարկված է՝ տարեկան կանխարգելիչ հետազոտություններից մինչև շտապ և անհետաձգելի բուժօգնություն, ամբուլատոր բուժօգնություն և այլն։ 

Պայմանագրի գնի մնացած՝ 144 մլն դրամի վերաբերյալ մանրամասներ չկան։ Միայն նշված է, որ համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև կկնքվի լրացուցիչ համաձայնագիր։ Սա կարող է նշանակել, որ նշված գումարը դեռևս առկա չէ կամ դեռևս չի հաստատվել  քաղաքապետարանի բյուջեով։

 940 մլն դրամը ներառում է նաև հարկերն ու տուրքերը։ 

Armeps-ի պայմանագրերից երևում է, որ Երևանի քաղաքապետարանի հետ նշված 940 մլն դրամի պայմանագիրը «ԷՖԵՍ»-ի առաջին խոշոր գործարքն է պետական մարմնի հետ։  Գրանցումից ի վեր «ԷՖԵՍ»-ը պայմանագրեր է կնքել նաև Ներքին գործերի նախարարության, «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության» հիմնադրամի և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հետ։ Սակայն նրանց պարագայում խոսքն անհամեմատ ավելի փոքր գումարների մասին է։ 

«ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը (ԱՓԲԸ) 2023 թվականի հուլիսին է Հայաստանի ապահովագրական շուկա մտել։ Այն ուղղակիորեն կապված է շուկայի հին և խոշոր խաղացողներից մեկի՝ «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի բաժնետիրոջ և ղեկավարների հետ։ Առանցքային դերը առողջապահության նախկին նախարար (2016-2018), ապահովագրական շուկայի հնաբնակ Լևոն Ալթունյանինն է։

​​«ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ի միակ ուղղակի բաժնետերն է Հայաստանում գրանցված «Ինթելլիջենք մենեջմենթ» ՍՊԸ-ն, որն էլ իր հերթին հավասարապես պատկանում է Լևոն Ալթունյանին (50%) և ապահովագրական շուկայում հայտնի մասնագետ Արևշատ Մելիքսեթյանին (50%):

Արևշատ Մելիքսեթյանը նաև «ԷՖԵՍ»-ի գլխավոր գործադիր տնօրենն է։ Տարիներ շարունակ բարձր պաշտոններ է զբաղեցրել նաև «Ինգո Արմենիա»-ում։

«ԷՖԵՍ»-ի գլխավոր ռազմավարական ուղղությունը, կարծես, առողջապահության ապահովագրությունն է։ Ալթունյանին փոխկապակցված «Վարդանանց» բժշկական կենտրոնը, որը մինչև «ԷՖԵՍ»-ի բացումը սպասարկում էր «Ինգո Արմենիա»-ում ապահովագրված հաճախորդներին, այժմ նաև «ԷՖԵՍ»-ի հետ է սերտ համագործակցում։

Ինչպես ավելի վաղ նշել ենք, չի բացառվում, որ առաջիկայում շուկան այնպես դասավորվի, որ «ԷՖԵՍ»-ը առողջապահության ապահովագրության ոլորտում փոխարինի «Ինգո Արմենիա»-ին, իսկ «Ինգո Արմենիա»-ի հիմնական գործառույթը շուկայում մնան ապահովագրության մյուս դասերը, այդ թվում՝ ԱՊՊԱ-ն։

Երևանի քաղաքապետարանը նախկինում ևս իր աշխատակիցների համար առողջապահության ապահովագրության պայանագրեր է կնքել ապահովագրական ընկերությունների հետ։ 2022 թվականին «Սիլ ինշուրանս»-ից 460 մլն դրամի առողջապահության ապահովագրության փաթեթ է ձեռք բերել։ 2023-ին 810 մլն դրամի պայմանագիր է կնքել «Արմենիա ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ։