ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի հանդիպել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակմանը, թե ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն այս օրերին մերձեցման երեկոներ են կազմակերպում։
«Մամուլի այդ հրապարակմանը ես ծանոթ եմ, այն չի համապատասխանում իրականությանը»,–ասաց Զոհրաբյանը։
Նա նաեւ հերքեց լուրը, թե Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հետ։
Հիշեցնենք, որ «Իրատես» թերթը գրել էր, որ վերջերս Գագիկ Ծառուկյանը եւ ԼՀԿ խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը հանդիպել են: Ծառուկյանը նախ դժգոհել է Նիկոլ Փաշինյանից, հատկապես սեփական գազալցակայանների ու ցեմենտի գործարանում ստեղծված իրավիճակի համար, հետո «սիրտը բացել» է ու ասել, թե ինչ ունեն երկու խորհրդարանական ընդդիմադիր ուժերն իրար դեմ, ճիշտ կլինի միավորվեն ու համատեղ գործեն Նիկոլ Փաշինյանի դեմ: Գագիկ Ծառուկյանը նաեւ խոսել է իր երբեմնի թիկնապահ, այսօր պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործի մասին: Ըստ տեղեկությունների, Արման Բաբաջանյանը վստահեցրել է, որ եթե հարցը հասնի ԱԺ, ԼՀԿ-ն կհայտարարի, որ դա քաղաքական հետապնդում է:
Թերթի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը վերջերս մի քանի անգամ հանդիպել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի հետ:
0Comments