Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձի օրենսդրական փոփոխությունները։
Մասնավորապես, Հարկային օրենսգրքով (հոդված 160) սահմանվել է, որ հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի վճարած տոկոսների մասով եկամտային հարկը չի վերադարձվում․
– 2027 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի վարչական տարածքներում, բացառությամբ՝ Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի,
– 2029 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է վերը չնշված՝ Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի, մարզերի վարչական տարածքներում, բացառությամբ՝ Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի։
Օրենքի փոփոխությամբ սահմանվել է նաև, որ ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված և կառուցապատողից, պետությունից կամ համայնքից փաստացի բնակարան ձեռք բերելուն կամ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ կառուցելուն փաստացի ուղղված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով հիփոթեքային վարկի վարկառուին, նաև առկայության դեպքում՝ համավարկառուներին, վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը:
Կոմիտեն նաև հիշեցնում է՝ եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Երևանի վարչական տարածքում, ապա 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով ևս եկամտային հարկը չի վերադարձվելու։ Նշված սահմանափակումը չի կիրառվում մինչև 2022 թվականի հունվարի 1-ն ընդունված որոշումներով ստացված շինարարության թույլտվությունների հիման վրա կառուցված (կառուցվող) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների կամ անհատական բնակելի տների նկատմամբ։
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
0Comments