Եզդի կանայք և երեխաները գերությունից վերադարձել են տուն

Վերադարձածների մեջ են 3 կին և 18 երեխա։

Եզդի կանանց և երեխաների խումբը Սիրիայից վերադառնալուց հետո Հյուսիսային Իրաքում գտնվող Դոհուկ քաղաքում միացել են իրենց ընտանիքներին։ Սիրիայում նրանք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գերության մեջ անցկացրել են ավելի չորս տարի։

Եվրանյուզը գրում է, որ վերադարձածների մեջ են 3 կին և 18 երեխա։ Նրանց առևանգել էին 2014 թվականին Սինջար քաղաքի վրա հարձակման ժամանակ։  Սինջարը իրաքյան եզդիների բնակության խոշոր կենտրոններից մեկն է:

«Իսլամական պետության» գրոհայինները սպանել, գլխատել, կենդանի այրել կամ առևանգել են ավելի քան 9000 եզդի, ինչը ՄԱԿ-ի կողմից ցեղասպանություն է ճանաչվել։ Համայնքի առաջնորդների կարծիքով, ավելի քան 3000 եզդի շարունակում են մնալ անհետ կորած։