Ես վստահ եմ, որ մինչեւ ֆրանսիական զենքի Հայաստան հասնելը Ալիեւն իր հարվածը հասցնելու է, նոր աղետ է մեր գլխին գալու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները փաստացի սառեցված են, նա ասաց. «Սա դավադրություն է հայոց պետականության հանդեպ, սա «Արցախը Հայաստան է եւ վերջ» իր հանրահայտ ծղրտոցի տրամաբանության մեջ մի բան է: Եթե դու հայտարարում ես, որ Ադրբեջանը Հայաստանը համարում է «Արեւմտյան Ադրբեջան», այդ հայտարարությունից անմիջապես հետո դու պետք է մոբիլիզացնես քո ողջ ռազմադիվանգիտական ռեսուրսը՝ քո պաշտպանությունը կազմակերպելու համար:
Երբ դու ասում ես՝ պատերազմն անխուսափելի է, դրանից անմիջապես հետո պետք է վերցնես լսափողը, կապվես Կրեմլի հետ, Թեհրանի հետ եւ ընդունես այն շատ հրապուրիչ առաջարկությունները, որոնք մինչեւ վերջերս քեզ արվել են:
Բայց այդ հայտարարություններից հետո դու ասում ես, որ սառեցրել ես հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ: Սա նշանակում է, որ փակել ես երկրիդ պաշտպանունակությունն ամրապնդելու հնարավորություններից մեկը: Փաշինյանի հայտարարությունները կարող են որպես պատրվակ ընկալվել հարված հասցնելու համար, այդպես էլ լինելու է, ինչը մենք շուտով կտեսնենք:
Դու խզում ես կապերը մի կառույցի հետ, որին անդամակցությունն ապահովում է քեզ անխափան եւ մեծ ծավալներով սպառազինության մատակարարում:
Այդ հայտարարությունը ընդամենը պատերազմի նախերգանքն է, պատերազմի լեգիտիմ առիթն է, որ վարչապետ կոչեցյալը տվեց Ադրբեջանին, զուգահեռաբար զրկելով Հայաստանին արդյունավետ պաշտպանություն կազմակերպելու հնարավորություններից մեկից»,- հայտարարեց Ջամալյանը:
0Comments