Ինչ դիվանագիտական «գործարք» է տեղի ունեցել․ ինչպե՞ս Բաքուն համաձայնեց բրյուսելյան հարթակի վերականգնմանը

Մանրամասներ
ալիև նիկոլ միշել

Արարատ Միրզոյանը նախօրեին ծանոթացավ Ֆրանսիայի ԱԳ նորանշանակ նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ։

Փետրվարի 9-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ:

ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն, գոհունակությամբ նշվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը Երևանի ու Փարիզի միջև և ընդգծվել բազմաոլորտ համագործակցության հետագա ամրապնդման պատրաստակամությունը։ «Մանրամասն քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման հարցում ՀՀ տեսլականը: Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային սկզբունքները, մասնավորապես՝ տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության, ինքնիշխանության անվերապահ հարգման կարևորությունը, ինչպես նաև սահմանազատման հետագա գործընթացն Ալմա Աթայի հռչակագրի ու ԽՍՀՄ ամենաթարմ ու լեգիտիմ քարտեզների հիման վրա իրականացնելու համար առավել որոշակիություն ապահովելու անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Ֆրանսիական կողմի տարածած հաղոդրագրության մեջ ասվում է, որ Սեժուրնեն ընդգծել է Ֆրանսիայի անվերապահ, լիարժեք և հաստատակամ հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը և ամրությանը։ Ըստ տարածված տեղեկատվության, նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության նախագծերի ամրապնդման առաջնահերթությունը, մասնավորապես՝ տրանսպորտի, էներգետիկայի և ջրային ոլորտներում ենթակառուցվածքային նախագծերի զարգացման հարցը։

«Խոսվել է նաև Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման մասին։ Ավելին, Ֆրանսիան շարունակում է ուժեղացնել իր մարդասիրական աջակցությունը Հայաստանին և Լեռնային Ղարաբաղից փախստականներին, որն այժմ կազմում է 29 միլիոն եվրո 2023 թվականին և հնարավորություն է տալիս մեզ աջակցել ՀԿ-ների, ԿԽՄԿ-ի, Հայկական Կարմիր Խաչի և ՄԱԿ-ի գործողություններին»,- նշված է Ֆրանսիայի ԱԳՆ տարածած տեքստում։

Վերջում, ըստ հաղորդագրության, նախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քննարկումները։

«Նախարարը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Եվրամիության և Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերին։ Չի կարող լինել արդար և տևական խաղաղություն՝ առանց միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկու պետությունների սահմանների անձեռնմխելիության»,- ասված է հաղորդագրությունում։

Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ ֆրանսիացի նոր արտգործնախարարն աջակցություն է հայտնում ԵՄ և ԱՄՆ միջնորդական ջանքերին, ըստ էության, Ֆրանսիային, որը ևս մասնակցել է որոշ հանդիպումների, դուրս է դրել գործընթացից։

Սրան զուգահեռ՝ հարկ է նշել, որ փետրվարի 8-ին «վերընտրված» Իլհամ Ալիևին էր զանգահարել ԵԽ նախագահ Շառլ Միշելը, նա շնորհավորել էր, ինչպես նաև քննարկել ավանդական օրակարգը, այդ թվում՝ ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը։ Հեռախոսազրույցից հետո և Ադրբեջանի, և ԵՄ-ի տարածած հաղորդագրություններից պարզ է դառնում, որ հեռախոսազրույցի ընթացքում Բրյուսելում եռակողմ բարձրաստիճան հանդիպման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել։

168.am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը նշեց, որ, դատելով հաղորդագրություններից, Ֆրանսիայի նախագահը կամ Գերմանիայի կանցլերը, որը ներկա էր նախկին մի քանի հանդիպումների կլոր սեղանի շուրջ, այս փուլում չեն մասնակցի բանակցությունների։

Ըստ նրա, առաջին պատճառն այն է, որ Ֆրանսիայի հնարավոր դերակատարությունը մերժվում է Ադրբեջանի կողմից։

«Ի դեպ, դեռևս մեկուկես ամիս առաջ Ադրբեջանը մերժում էր և կողմնակալ անվանում նաև Միացյալ Նահանգներին։ Ուստի մեծ է հավանականությունը, որ ձեռք է բերվել ինչ որ պայմանավորվածություն, ընդունելի մի տարբերակ Բրյուսելում հանդիպելու և բրյուսելյան հարթակը վերականգնելու, քանի որ Բաքուն հասկանում է, որ չնայած կան ԵՄ-Ադրբեջան լուրջ շահեր, սակայն դա չի խանգարում, որպեսզի ԵՄ-ն նաև քննադատող հայտարարություններ տարածի։ Ողջ Արևմուտքին մերժելը, իհարկե, կարող է մեծ ու բազմակողմանի մարտահրավերներ պարունակել Ադրբեջանի համար»,- ասաց եվրոպացի փորձագետը։

Նա նաև գտնում է, որ սա կարող է լինել մի քանի կողմերի բանակցություններից հետո կայացված որոշում, որ վերականգնվում է բրյուսելյան հարթակը, որ ոչ ԱՄՆ-ն է մասնակցում բանակցություններին, ոչ Ֆրանսիան, Բրյուսելը կարող է ընդունելի լինել թե Երևանի, թե Բաքվի համար։

«Ավելի նպատակահարմար էր Ադրբեջանի տեսանկյունից, որպեսզի բանակցեին երկկողմ ձևաչափով, սակայն դա գուցե չհաջողվի, ուստի արտաքին որևէ հարթակ հարկավոր է՝ ինչպես Երևանին, այնպես էլ՝ Բաքվին։ Մոսկվային մերժում է Երևանը, Ֆրանսիային ու ԱՄՆ-ին մերժում է Բաքուն, ուստի Բրյուսելն ինչ որ տարբերակ է երկու կողմերի համար։ Ադրբեջանին շահագրգռել են նրանով, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը չեն մասնակցի»,- նման տեսակետ հայտնեց վերլուծաբանը։

Նա չի բացառում, որ նաև բովանդակային որոշ հարցերի շուրջ հեռակա բանակցություններ են իրականացվել և որոշ փոխըմբռնում ձեռք բերվել։

«Եթե բրյուսելյան հանդիպումը տեղի ունենա, կհասկանանք՝ արդյո՞ք բովանդակության մասով նախապես հստակ աշխատանք արվել է, բայց ենթադրելի է, որ նաև այդ մասով են որոշ աշխատանքներ կատարվել։ Իսկ թե ինչ խորությամբ ու որակով բարդ է ասել»,- ասաց նա։