Վեճ կերուխումի պահին. Շշով հարվածել է տանտիրուհու գլխին. վերջինս էլ վերցրել էր դանակը և հարվածներ հասցրել տղամարդուն

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Հունվարի 31-ին, ժամը 19.25-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Էջմիածնի մի բնակիչ: 54-ամյա տղամարդը հայտնում էր, թե անձը, որին ինքը ճանաչում է, բայց անունը չգիտի` իրեն դանակահարել է:

Ոստիկանությունից հայտնում են, որ հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնեց նշված հասցե:

Քիչ անց հաղորդում ստացվեց նաև հիվանդանոցից. տղամարդն ընդունվել էր բուժօգնության` կտրած-ծակած բազմակի վերքերով:

Վաղարշապատի քրեական հետախույզների միջոցառումներով բավական արագ պարզվեցին դեպքի բոլոր հանգամանքները:

Ըստ նախնական տվյալների` տուժած տղամարդը գնացել էր Շահումյան փողոցում գտնվող ընկերոջ տուն, որտեղ կազմակերպել էին կերուխում: Այդ ընթացքում էլ վեճ էր ծագել 54-ամյա տղամարդու և 40-ամյա տանտիրուհու միջև: Նախ տղամարդը գարեջրի շշով հարվածել էր կնոջ գլխին, ինչից հետո, վերցնելով սեղանին դրված խոհանոցային դանակը, տանտիրուհին հարվածներ էր հասցրել տղամարդուն:

Վաղարշապատի բաժնում կինը խոստովանել է արարքը: Դեպքի վայրում հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: Վեճի պատճառն ու դեպքի մյուս հանգամանքները պարզվում են: