Ինչպես հասկանալ, որ Ձեզ գաղտնալսում են

Մանրամասներ
հակեր գաղտնալսում

Որոշ նշաններ կարող են վկայել այն մասին, որ օգտատիրոջ սմարթֆոնը գաղտնալսվում է:

Այս մասին, ըստ news.am-ի, զգուշացնում է Ռուսական տեխնոլոգիական համալսարանի տեղեկատվության պաշտպանության բաժնի դասախոս Վասիլի Շուտովը։

Նրա խոսքով՝ այնպիսի նշաններ, ինչպիսիք են սմրաթֆոնի մշտական ​​տաքացումը կամ մարտկոցի արագ լիցքաթափումը, կարող են վկայել սարքի հնարավոր գաղտնալսման մասին։ Ուշադրության են արժանի նաև համակարգային սխալի մասին հաճախակի հայտնվող հաղորդագրությունները, խափանումները, ինքնուրույն վերագործարկումները, ինչպես նաև անձնական տվյալներ պարունակող հավելվածի ինքնուրույն գործարկումը։

Հեռախոսազրույցի ընթացքում առաջացող խափանումներն ու տարօրինակ ձայները նույնպես կարող են վկայել խնդիրների, այդ թվում՝ հնարավոր գաղտնալսման մասին:

Շուտովի խոսքով՝ սմարթֆոնում լրտեսող ծրագրերի առկայությունն ստուգելու համար անհրաժեշտ է օգտագործել հակավիրուսային ծրագրեր։ Ցանկալի է պարբերաբար թարմացնել դրանք և հետևել դրանցից ստացվող հաղորդագրություններին ու նախազգուշացումներին:

Խորհուրդ է տրվում նաև ուսումնասիրել սմարթֆոնի վրա տեղադրված հավելվածների ցանկը։ Եթե ​​դրանց մեջ կա անծանոթ ծրագիր, որը դուք չեք տեղադրել, խորհուրդ է տրվում հեռացնել այն (եթե, իհարկե, դրանք արտադրողի կողմից հեռախոսում նախապես տեղադրված համակարգային հավելվածներ չեն): Խն​դիրների առկայության դեպքում կարող եք նաև փորձել սմարթֆոնը բերել գործարանային վիճակի և նորից տեղադրել ծրագրակազմը:

Այնուամենայնիվ, պետք է նշել, որ կան լրտեսող ծրագրեր, որոնք «սովորական» մեթոդներով հնարավոր չէ հայտնաբերել և որոնք չեն առաջացնում որևէ անսարքություն հեռախոսի աշխատանքում կամ չեն դրսևորում որևէ այլ «ախտանիշ»։ Դրանց թվում են, օրինակ Pegasus-ը, որն Ադրբեջանն Իսրայելի թույլտվությամբ վերջին տարիներին ակտիվորեն որպես կիբեռզենք է օգտագործում Հայաստանի դեմ։

Ճիշտ է, Pegasus-ը շատ թանկ «հաճույք» է, և այն սովորաբար վարակում է կարևոր տեղեկություններ ունեցող կամ կարևոր պաշտոններ զբաղեցնող մարդկանց հեռախոսները։ Վկայակոչելով 2016-ի գնացուցակը՝ New York Times-ը հայտնում է, որ ծրագիրն արժե մոտ $500,000, և այն արտադրած ընկերությունը՝ NSO Group-ը, $650,000 է պահանջում 10 iOS սարք և նույնքան 10 Android սարք գաղտնալսելու համար։ Լրացուցիչ 100 սարք գաղտնալսելն արժե $800,000, 50 սարքը՝ $500,000, 20 սարքը՝ $250,000, իսկ 10 սարքը՝ $150,000։