Վերջին օրերին բանակում ոչ մարտական պայմաններում կորցրեցինք երիտասարդ հայ տղաների՝ անտարբերության, անկազմակերպվածության և անփութության հետևանքով. Բանակում օրինաչափ են դարձել ինքնասպանությունները, դժբախտ պատահարները, սպանությունները: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ հայտարարությունների ժաման ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Հարց հնչեցնելով, թե ով է պատասխան տալու այդ ամենի համար՝ պատգամավորը շարունակեց. «Շարունակաբար գործուղումների մեկնող, ոչ մի հարսանիք, կնունք, ծնունդ բաց չթողնող նախարարին չի հուզո՞ւմ, թե ինչի է վերածվել բանակն իր օրոք։ Հաղթանակած բանակն այսօր ասոցացվում է շարունակական մահերի, դժբախտ պատահարների հետ: Այսօր երկրում չկա մի պաշտոնյա, որ խոստովանի իր անկարողությունը և հեռանա զբաղեցրած պաշտոնից»,-ասաց նա:
Պատգամավորը հայտարարեց, որ գերեթե 6 տարի է Հայաստանը հայտնվել է մի վարչախմբի ձեռքին, որտեղ պաշտոնների են նշանակում հիմնականում անկարողները. «Աղետալի վիճակում է կրթությունը գյուղատնտեսությունը, տնտեսությունը, սարսափազդու իրավիճակ է սոցիալական ոլորտում, նույնիսկ անտուն մնացած արցախցիներին չեն տրամադրում անհրաւժեշտ սոցիալական աջակցությունը:
Ամեն օր բազմաթիվ ահազանգեր եմ ստանում, որ կառավարության վատ աշխատանքի պատճառով արցախցիներից շատերը չեն ստացել իրենց աջակցությունը: Շատերը հայտնվել են անելանելի վիճակում չկարողանալով վճարել բնակարանային վարձավճարները։
Ո՞րն է ձեր նպատակը, որ հայրենիքից, տնից տեղից կտրված արցախցիները կրկի՞ն բռնեն գաղթի ճանապարհը»,- հարց հնչեցրեց Դանիելյանը։
Անդրադառանալով իրավունքի խնդիրներին՝ պատգամավորն ասաց. «Խոսեցիք, որ կոռուպցիայի դեմ պետք է անողոք պայքարեք, բայց այսօր խրված եք կոռուպցիայի մեջ, Ասացիք՝ Արցախը Հայաստան է, և վերջ, հետո մեր հայրենիքի մի մասը Ադրբեջան ճանաչեցիք։
Դադարեցրեք մանիպուլացնել պատերազմից հոգնած, սպառված հանրությանը։ Այցելեք դպրոցներ, ստուգեք խողովակներ, կախիչներ, բայց հեռու մնացեք երկրի կառավարումից։ Ձեր ամեն օրը նոր չարիք և առհավիրքներ է բերում մեր երկրին», հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
0Comments