Պատերազմի երեխաները

2017 թվականը ռեկորդային էր երեխաների իրավունքների խախտումների քանակով

Ամեն տարի զինված հակամարտությունների հետևանքով զոհվել է ավելի քան 100 հազար երեխա։ Եվրանյուզի հաղորդմամբ, նման տվյալներ է ներկայացված երեխաների պաշտպանության Save the Children  կազմակերպության զեկույցում։

Նշվում է, որ 2013-2017 թվականներին 10 երկրում, որտեղ տեղի են ունենում ռազմական գործողություններ՝ Աֆղանստան, Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն, Կոնգո, Իրաք, Մալի, Նիգերիա, Սոմալի, Հարավային Սուդան,  Սիրիա, Եմեն, զոհվել է 5 տարեկանից փոքր առնվազն 870 հազար երեխա, այդ թվում 550 հազար նորածին։ Բայց մահվան պատճառը ոչ միշտ է լինում պատերազմը, հաճախ նաև դրա հետևանքները։ Երեխաները մահանում են սովից, հակասանիտարական պայմաններից, բժշկական հաստատությունների բացակայությունից, դեղորայքի պակասից։

Save the Children-ի տվյալներով, հակամարտությունների գոտիներում ապրում է 420 միլիոն երեխա կամ Երկրի ամբողջ երեխաների 18 տոկոսը։ 2016 թվականի համեմատությամբ այդ ցուցանիշը ավելացել է 30 միլիոնով։ Նշվում է, որ 2017 թվականը ռեկորդային  էր երեխաների իրավունքների խախտումների քանակով։