ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի կարծիքով, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այս օրերին դրսևորած իր վարքագծով ցույց է տալիս, որ չի հավատում տնտեսական հեղափոխությանը, ինչպես 2018-ին չէր հավատում քաղաքական հեղափոխությանը:
«2018-ի գարնանն այս դահլիճում ինձանից ձախ, հետևում և առջև գտնվող գործիչները հայտարարեցին, որ նույն այս դահլիճում մեծամասնություն զբաղեցնող հավերժ իշխանությունը կանխելու նպատակով սկսում են շարժում՝ դնելով զոհասեղանին բառի բուն իմաստով իրենց կյանքը, ազատությունը, այս մարդիկ սկսեցին քայլարշավ: Այդ նույն ընթացքում այս դահլիճում ինձանից աջ գտնվող նստատեղերը զբաղեցնող գործիչների մի մասը սկսեց ակտիվ աշխատել իմ նշած քայլարշավի և շարժման դեմ, այնինչ նրանք գտնվում էին քաղաքական դաշինքի նույն շրջանակներում և հանգիստ կարող էին պարզապես մի քանի շաբաթ լռել և սպասել, տեսնել՝ ինչպիսի հանգուցալուծման է գալու այդ շարժումը»,- հիշեցրեց պատգամավորը:
Պատգամավորը նշեց, որ նույնիսկ, երբ Սերժ Սարգսյանն ասաց, որ ինքը սխալ էր, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ ճիշտ, այդ գործիչներից այդպիսի խոստովանություն այդպես էլ չլսեցինք։
«Այսօր ՀՀ վարչապետը մեկնարկ է տալիս մեկ այլ՝ տնտեսական հեղափոխության և այդ երազանքի ջահն է այստեղ վառում իր ելույթով, և մենք նորից տեսնում ենք նույն վարքագիծը՝ չհավատալ, կասկածի տակ դնել, ներողություն՝ սգո սերվիս դեմքերով և ձայնով այստեղից ելույթներ ունենալ, պահանջել թվեր, չափելիություն, գործիքակազմ, մեղադրել, որ չեն գիտակցում ողջ բեռը և ի վիճակի չեն լուծել երկրի առջև ծագած մարտահրավերները»,- ասաց Առաքելյանը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ելույթում ասաց. «Բոլորս էլ հաշվել գիտենք, պատկերացնում ենք, որ 88 պատգամավոր ունեցող «Իմ քայլը» դաշինքը ծրագրին կողմ է քվեարկելու և այն անցնելու է: Այստեղ, լուրջ, ցնցող նորություն չկա, դա ճշմարտություն է ու թեև 70 տոկոսի հավանության արժանացած քաղաքական ուժը ի վիճակի է անցկացնել նախագծեր, բայց բազմաթիվ քաղաքացիներ սպասում են ընդդիմության խոսքին ու պիտի լսելի լինի հակառակ կողմի տեսակետը», - ասաց նա:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ ասաց. «Այս երեք օրերի ընթացքում հանգիստ տեղներս նստած հետևում ենք, թե ոնց է ընթանում կառավարության ծրագրի քննարկումը։ Մի բան ակնհայտ է՝ զարմանալիորեն քննարկումն ընթանում է որոշակի անհանդուրժողոկանության մթնոլորտում»։
Մարուքյանին նաև զարմացնում է, որ շատ կարճ ժամանակ առաջ ընդդիմադիր ուժը իշխանություն դառնալով ինչպես է այդպես արագ դառնում անհանդուրժողոկան ընդդիմության նկատմամբ. «Ոնց են մարդիկ սկսում ձեռ առնելով, տարբեր ոճաբանական, նեյռոլինգվիստիկ բաներով փորձում շեղել քննարկումը, փորձում ձեռ առնել քաղաքական մրցակիցներին, և ոչ հակառակորդներին»։
Պատգամավորի խոսքով՝ ճիշտ մոտեցում չէ հեղափոխությունը մարդկանց երեսով տալը. «Փաշինյանը, որը որ հեղափոխությունը նախաձեռնել, առաջնորդել և ավարտին է հասցրել, այդքան չի խոսում հեղափոխությունից և չի տալիս ոչ մեկի երեսով, որքան նրանք, ովքեր կապ չունեն հեղափոխության հետ, այլ բախտի բերումով տեղավորված են դրա շարքերի մեջ»։
0Comments