Կրեմլը շարունակում է անպատրաստ զորակոչիկներին ուղարկել ռազմաճակատ

Մանրամասներ

Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարությունը և երկրի իշխանությունները շարունակում են հերքել այս փաստը՝ սպառնալով քրեական հետապնդում սկսել զոհվածների հարազատների նկատմամբ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ուկրաինական պատերազմի ժամանակ ռուսաստանցի նորակոչիկները «երբեք չեն ուղարկվել» առաջնագիծ։

Կրեմլում հանդիպելով իշխանամետ ռազմական թղթակիցներին ու իշխանության գիծը առաջ տանող բլոգերներին՝ Պուտինն Ուկրաինայի հարավարևելյան շրջանները անվանել է «Նովոռոսիա» (Նոր Ռուսաստան), ինչպես Ռուսական կայսրության ժամանակ` 18-րդ դարում, և պնդել.

«Այժմ ժամկետայինների մասին։ Ինչպես արդեն նշվել է, մենք չենք նախատեսում նրանց ուղարկել հատուկ ռազմական գործողության գոտի` Նովոռոսիա և Դոնբաս, և հիմա էլ այդպես է»։

Պուտինի այս կեղծ պնդմանն է նվիրված «Պոլիգրաֆ» նախագծի հետաքննական նյութը։ «Պոլիգրաֆ» նախագիծը ինտերնետային ռեսուրս է, որը ստեղծվել է «Ամերիկայի Ձայն»-ի կողմից՝ համաշխարհային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում ստի և քարոզչության տարածումը կանխելու նպատակով («Polygraph.info»)։

Զորակոչ և «մասնակի» զորահավաք` «հանուն մահվան»

Անկախ դիտորդները, կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունները, ինչպես նաև հեղինակավոր լրատվամիջոցները փաստագրել են Ռուսաստանի կողմից զորակոչիկների զանգվածային օգտագործումը Ուկրաինայում ընթացող մարտական գործողություններում։

Անցած տարվա սեպտեմբերին Պուտինը «մասնակի զորահավաք» հայտարարեց՝ երկարաձգելով գործող զորքերի ծառայության ժամկետը և ներգրավելով լրացուցիչ մոտ 300 հազար զորակոչիկների ու պահեստազորայինների։

Պաշտոնապես` նորակոչիկները նախատեսված են թիկունքում ծառայության և ռազմական օբյեկտների պաշտպանության համար, իսկ առաջնագծում պետք է կռվեն միայն պրոֆեսիոնալ ստորաբաժանումները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում հայտնեցին, որ զորքերի համալրման ծրագիրը կատարվել է մինչև նոյեմբեր, սակայն Պուտինը թույլ տվեց շարունակել զորահավաքը՝ իբր խորհրդակցելով իր իրավախորհրդատուների հետ։

Ընդ որում, Պուտինը բազմիցս հերքել է համապատասխան պատրաստվածություն չանցած զինծառայողների մասնակցությունը հատուկ ռազմական գործողությանը։

«Կխոսեմ իրավաբանների հետ։ Անկեղծ ասած, նույնիսկ չէի մտածել այդ մասին։ Իրավաբանների հետ կխոսեմ, թե արդյոք անհրաժեշտ է հրամանագրով հայտարարել, որ այն [մասնակի զորահավաքը] ավարտված է։ Բայց այն ավարտված է, վերջակետը դրված է»,- ասել էր Պուտինը հոկտեմբերի վերջին։

«RBC.ru» մեդիա հոլդինգը, որի սեփականատերը ներառված է Եվրամիության պատժամիջոցների ցուցակում, հայտնել է, որ Պուտինը նաև «պարզաբանել է», որ զորահավաքի միջոցով բանակ զորակոչված գրեթե 260 հազար ռուսաստանցիներ չեն մասնակցում ռազմական գործողություններին, այլ միայն վերապատրաստում են անցնում։

Սակայն սիբիրյան լրատվամիջոցները հաստատել են, որ «RBC.ru»-ի հոդվածում տեղ գտած տեղեկությունը հրապարակման պահին կեղծ էր։ Հաղորդվում է, որ մի քանի ռուսաստանցի զորակոչիկներ զոհվել են Ուկրաինայում՝ զորագրվելուց ընդամենը 10 օր անց։

«Զոհվածների հարազատները հոկտեմբերի 14-ին նրանց մահվան մասին ծանուցումներ են ստացել զինկոմիսարից։ Հայտնի է, որ տղամարդիկ զոհվել են հոկտեմբերի 8-ին՝ զորագրվելուց ուղիղ 10 օր անց»,- ասված է հաղորդագրության մեջ։

2022 թվականի հոկտեմբերի 13-ին «74.ru» կայքը հրապարակել էր Չելյաբինսկի մարզի նահանգապետի և կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունը. «Ցավոք, զինկոմիսարիատը հաստատել է Կորկինոյի զինկոմիսարիատից զորակոչված հարավուրալյան հինգ նորակոչիկների մահվան մասին տեղեկությունը։ Սգում ենք մեր ընտանիքների հետ միասին, հայտնում մեր անկեղծ և խորին ցավակցությունը»։

Այդպիսի հաղորդումները թույլ են տվել անկախ դիտորդներին փաստագրել մոբիլիզացված ռուսաստանցի զորակոչիկների մահվան դեպքերը Ուկրաինայում և եզրակացնել, որ զորակոչիկներին մարտի են ուղարկել՝ առանց բավարար պատրաստվածության։

Նույնիսկ Կրեմլում չգիտեն Ուկրաինայում ռուսական զորքերի ստույգ թիվը

Անգամ ապատեղեկատվության պետական համակարգում ներգրավված ռուսներն են քննադատել իրավիճակը։

Նրանց թվում է Ռուս ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչ և Կրեմլի քարոզչամեքենայի` «Россия сегодня»-ի գլխավոր խմբագրի առաջին տեղակալ Նատալյա Լոսևան։

«Զորավարնե՛ր, հիմա ստելու ժամանակը չէ։ Դուք ընդհանրապես չպետք է ստեք, իսկ հիմա դա հանցագործություն է»,- 2022 թվականի հոկտեմբերի 13-ին գրել էր Լոսևան իր տելեգրամյան ալիքում՝ սգալով մարտի դաշտում զոհված իր 28-ամյա ընկերոջ կորուստը։ «Զորակոչվել է սեպտեմբերի 23-ին։ Ընդամենը մի քանի օր անց ուղարկվել է ռազմաճակատ։ Ընկավ հերոսաբար հոկտեմբերի 10-ին»,- նշել էր նա։ Այս գրառումը հավաքել է ավելի քան մեկ միլիոն դիտում։

Փետրվարին «BBC»-ի ռուսական ծառայությունը, ուսումնասիրելով բաց աղբյուրներից ստացված հաղորդումները, պարզել էր, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների ընդամենը չորս ամսվա ընթացքում զոհվել են ռուսաստանցի ավելի քան 1 000 նորակոչիկներ, որոնք զորակոչվել էին զորահավաքի ժամանակ։

«Փետրվարի 13-ի դրությամբ մեզ հաջողվեց պաշտոնապես հաստատել 1 082 զոհվածների մասին տեղեկությունը… ։ Սա զորակոչված քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թվի ամենից պանողական գնահատականն է, քանի որ մենք հաշվի ենք առնում միայն այն դեպքերը, երբ մահվան փաստը պաշտոնապես հաստատված է, և երբ հնարավոր է հաստատել մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը»։

Այս իրողությունը չի համապատասխանում Կրեմլի պաշտոնական վարկածին։ Քաղաքացիներին բանակ են զորակոչում շինծու պատրվակով, ուղարկում են առաջնագիծ` առանց պատրաստվածության, առանց անհրաժեշտ զինվորական հանդերձանքի և նույնիսկ առաջին բուժօգնության պարագաների, առանց հրահանգավորման։ Ինչպես 2022 թվականի սեպտեմբերին

«The Moscow Times»-ին ասել էր Եվրոպայում ԱՄՆ բանակի նախկին հրամանատար Բեն Հոջեսը. «Հանցագործություն է` չվարժված զինվորներին մարտի դաշտ ուղարկելը… դա սպանություն է»:

Փետրվարին Հոջեսը «Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում հայտնել էր, որ Ռուսաստանը «պատերազմում հաղթելու իրական ռազմավարությունը» ժամանակավորապես փոխարինել է ռազմաճակատ «թնդանոթի միս» ուղարկելով։

Կրեմլը շարունակաբար նվազեցնում է զինվորական ծառայության ներկայացվող պահանջները՝ զորքերի համալրումը մեծացնելու նպատակով` հունիսի 20-ին հայտնել էր Վաշինգտոնում գործող վերլուծական կենտրոններից մեկը՝ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը (ISW)։

Բոլորին հայտնի է, որ մարտադաշտում զոհերի մասին ռուսական իշխանությունների զեկույցները արժամահավատ չեն նույնիսկ երկրի ներսում։ Անգամ ռուսական կառավարությունն ի վիճակի չէ հասկանալ Ուկրաինայում տեղակայված զորքերի իրական թիվը։ Այսպիսի եզրակացության են հանգել «Новая газета»-ի լրագրողները, որոնք լքել են երկիրը 2022 թվականի փետրվարին` Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո`
2022 թվականի հոկտեմբերին իրենց իրականացրած հետաքննության ֆոնին, որը վերաբերում էր ռուսական բանակից անհետացած 1,5 միլիոն զինվորական համազգեստներին։

Բոլորովին վերջերս՝ հունիսի 17-ին,

«Новая газета»-ն հայտնեց, որ Ալլա Ֆաթխելիսլամովան դատարան ներկայանալու ծանուցում է ստացել՝ լրագրողների հետ իր որդու մասին խոսելու համար։

«Տյումենի մարզից ժամկետային նորակոչիկ Աֆանասի Պոդաևը զոհվել է Բելգորոդի մարզում (Ռուսաստանի տարածք՝ խմբ. «Ամերիկայի Ձայն»), որտեղ նա չպետք է գտնվեր պարտադիր զինվորական ծառայության շրջանակներում»,- գրում է «Новая газета»-ն։

«Новая газета»-ն նաև հայտնել է, որ ռուսական դատարանը մեղադրել է Պոդաևի ընտանիքի անդամներին «ռուսական բանակը վարկաբեկելու» մեջ՝ լրագրողների հետ հարցազրույցներում նրա մահվան մանրամասները քննարկելու միջոցով։

Սիբիրյան տեղեկատվական

«72.ru» հարթակը և «Новая газета»-ն բացահայտել են ոմն Աննա Կորոբկովայից ներկայացված 764 բողոք։ Այդ անձը, «դիտելով Ռուսաստանում «օտարերկրյա գործակալներ» ճանաչված լրատվամիջոցների պատրաստած տեսահոլովակները, ոստիկանությանը բողոքներ է գրում այն մադկանց դեմ, որոնք մեկնաբանություններ են թողնում այդ տեսանյութերի ներքո»,- նշում է «Новая газета»-ն։

Ռուսաստանի իշխանությունները լուրջ ջանքեր են գործադրել ռազմաճակատում զորակոչիկների վերաբերյալ տեղեկատվության ազատ հոսքը կասեցնելու համար։

Այդուհանդերձ, աստիճանաբար ավելի շատ ապացույցներ են ի հայտ գալիս, որ նորակոչիկներին օգտագործում են մարտական գործողություններում։