Երկրում փոփոխությունը շոշափելի լինելու համար պետք է ընդունվի կառավարության ծրագիրը եւ սկսվի իրագործվել: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը. «Ես չեմ կարծում, որ ճիշտ է այս կամ այն կուսակցության հետ կուլիսային քննարկում անել, չենք գնալու իրենց սենյակները, ասենք՝ հարգելի կուսակցություն, այս հարցը մի տուր, ելույթ մի ունեցիր, մենք քեզ պորտֆել կտանք»,-ասաց նա:
Սիմոնյանը վստահաբար նշեց, որ քաղաքացիները տարբեր ոլորտներում արդեն զգում են դրական ազդեցություն եւ փոփոխություն. «Փոփոխություն կա մոտեցման, քաղաքական կամքի առումով, փոփոխություն կա նաեւ տնտեսության վրա: Մի քիչ շուտ է հիասթափվելու համար, Հայաստանի քաղաքացին իր գնահատականը ընտրության միջոցով կտա»,-նշեց նա:
Ալեն Սիմոնյանն ասաց, որ եթե ընդդիմության կողմից որեւէ առաջարկ լինի, կառավարությունը կհասցնի ներառել ծրագրի մեջ:
Այն հարցին, թե ինչո՞ւ ընդդիմադիրների հետ նախապես չի քննարկվել ծրագիրը, Սիմոնյանն ասաց. «Ես ներողություն եմ խնդրում, բայց այն, ինչ տեղի է ունենում Ազգային ժողովի դահլիճում, դա քննարկում չէ՞: Սա է քննարկումը, կառավարութունը ինչո՞ւ պետք է նախնական քննարկի, էն ա թող կառավարության մաս դռնան եւ միասին քննարկեն»:
Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանի այն քննադատությանը, թե կառավարությունը նախապես չի քննարկել ծրագիրը ԱԺ խմբակցությունների հետ եւ այդպիսի ավանդույթ ունեին նարոդ կառավարությունները, Ալեն Սիմոնյանը նշեց. «Ես չեմ ուզում մեկանաբանել պարոն Մարուքյանի ասածը, որ իր համար լավ ավանդույթ էր Հովիկ Աբրահամյան վարչապետի աշխատելաոճը, ես կարող եմ ասել, որ քննարկումը հենց սա է: Այսինքն՝ հարց ու պատասխանը, այս ելույթները, որ հիմա տեղի են ունենում»:
ԱԺ փոխնախագահը փոխանցեց նաեւ, որ «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկելու կառավարության առաջարկած ծրագրին:
0Comments