Կառավարության ներկայացրած ծրագրում պետք է համապատասխան շտկումներ լինեն: Այս մասին, այսօր՝ փետրվարի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Բոլորս շահագրգռված ենք, որ քաղաքական հեղափոխության արդյունքները չփոշիանան եւ ժողովուրդը շատ արագ այդ պտուղները զգա, որը պետք է տնտեսական հեղափոխության միջոցով իրականացվի, ինչ մասին ասել ենք առաջինը բազմիցս դեռեւս հուլիս-օգոստոս ամիսներին»,-ասաց նա:
Մելքումյանի խոսքով, իրենց խմբակցությունը երեք դրույթ է առաջարկում ծրագրի մեջ շտկումներ անելու համար. «Առաջին՝ ձեւակերպել ծրագրի կատարման ռիսկերը եւ երաշխիքները, երկրորդ՝ ծրագրում լրացնել համապատասխան ժամանակացույց, որ հստակ լինի 2019, 2020, 2021, 2022, 2023, ոչ թե միանգամից 2023, երրորդ՝ պետք է անպայման իրականացման մեխանիզմներ լինեն: Երբ ասում եմ երաշխիք ու ռիսկեր նկատի ունեմ, նշվեն ֆինանսական ռեսուրսները: Ես պատահական չհարցրի ներդրումներ եւ համախառն ներքին արդյունք հարաբերակցության մասին: Եթե 100-120 մլն դոլար ակնկալիք ունենք աճի, դա շատ անբավարար է, չի կարող այն թիրախները լրացնել, որի մասին ասում ենք, թե ներդրումային բում պիտի լինի»:
Լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է արդյոք այս փուլում փաստաթուղթը փոխել, պատգամավորը պատասխանեց. «Ես իմ ելույթում կոնկրետ առաջարկներ եմ անելու: Մեր նպատակը ի շահ ժողովրդի գործելն է, ոչ թե որ հանդես գանք մեխանիկորեն որպես ընդդիմություն: Չեմ կարծում, թե այդ մեխանիզմը չկա, մենք կառաջարկենք, որ հավաքվեն կառավարության ղեկավարի հետ ԱԺ նախագահի աշխատասենյակում բոլոր խմբակցությունների հետ քննարկենք առաջարկը, եթե կլինի պայմանավորվածություն շտկումներ անել ծրագրում, դա կարելի է գրել ծրագրի ամփոփիչ վերջնամասում, իսկ եթե ոչ մեզ այլ բան չի մնում քան մեր դիրքորոշումը հայտնել:
Քննարկումը դեռ չի վերջացել սպասենք ելույթներին, լինենք համբերատար, քաղաքական հասունություն ցուցաբերենք բոլորս, եւ մեր բոլորիս նպատակն է, որ կյանքի կոչվի ի շահ ժողովրդի տնտեսական հեղափոխություն, ոչ թե այնքան որ հակադարձում ենք, որովհետեւ այդպես է ընդունված: Ծրագիրն այնպիսին պետք է լինի, որ թույլ տա խորհրդարանական պատշաճ վերահսկողություն իրականացնենք: Արդեն մեկ-երկու թիվ բերել եմ, ինչը ինչի հետ շաղկապված, ներդրումների եւ արտահանումները իրար հետ չկապակցված լինելը, բայց կրկնում եմ մեր հարցադրումները գործընկերային են, մենք ուզում ենք բարի կամք ցուցաբերենք տնտեսական հեղափոխության իրականացման համար քաղաքական կոնցենսուս ունենալու համար: Մենք կանենք առաջարկներ եւ վարչապետի արձագանքից էլ կբխեն մեր քայլերը»:
0Comments