Գրեիք՝ դուխով ապրեք, վերջը լավ ա լինելու, դուք պռոբլեմ չունեք

Գեւորգ Պետրոսյանը՝ Փաշինյանին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ ԱԺ ամբիոնից դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այսօր՝ փետրվարի 13-ին, ասաց, որ վերջին երկու օրերին նա ավելի շատ բան է ասել, քան գրված է կառավարության ծրագրում. «Որ այդ ամեն ինչը պիտի ասվեր, գրեիք, հակառակ դեպքում, եթե մտածում էիք, որ ձեր ծրագիրը շատ լակոնիկ լինի եւ քանի որ ժողովուրդը ձեզ իսկապես շատ է հավատում եւ վստահում, գրեիք՝ դուխով ապրեք, վերջը լավ ա լինելու, դուք պռոբլեմ չունեք, ոչ մի ուրիշ բան չգրեիք, հարգելի պարոն Փաշինյան»,-ասաց նա:

Պատգամավորը մեջբերեց վարչապետի այն միտքը, թե մարդը նախեւառաջ իր գլխում պետք է հաղթահարի սովը եւ աղքատությունը, հետո նոր իրականում. «Կներեք, դուք հանդուրժողականության եւ փոխադարձ կամեցողության, փոխադարձ հարգանքի մթնոլորտում ասում եք հեղափոխություն արինք, հիմա պայմանականորեն, խնդրում եմ չանձնավորել, եթե ձեր քույրը կամ ձեր եղբայրը գա ասի՝ ես աղքատ եմ, դուք էդպիսի պատսխան կտա՞ք, ասեք՝ գնացեք ձեր գլխում հաղթահարեք աղքատությունը, հետո տեսնենք իրականում ինչ կլինի: Ինչպես դուք փաստեցիք քաղաքացին իր հեղափոխությունն արել է: Էլ ի՞նչ անի, սոված մարդը ո՞նց անի տնտեսական հեղափոխություն »,-ասաց նա:

Նա բարձրացրեց նաեւ մանկավարժների վարձատրման հարցը՝ նշելով, որ անգամ 125 հազար դրամ աշխատավարձով դժվար է պատկերացնել, որ ուսուցիչը կարող է արժանապատիվ հգոյություն ապահոել. «Երեկ ասացիք՝ մանկավարժները կարող են 125 հազար դրամ ստանալ, բայց ստանում են 20 հազար, որովհետեւ 6 հաստիք է ստեղծված, 6 մասի է բաժանված: Ենթադրենք՝ մի քանի մասից է բաղկացած, դուք ո՞նց եք պատկերացնում 125 հազար դրամով դպրոցի դասատուն արժանապատիվ գոյություն ապահովի»,-ասաց նա:

Գեւորգ Պետրոսյանը խոսեց նաեւ Փփյուռքի նախարարության օպտիմալացման մասին՝ նշելով, որ կարել էր արտաքին հարաբերությունների վարչությունները լուծարել  եւ միացնել Սփյուռքի նախաարությանը. «Ես զարմանում եմ, էն, որ ասում էիք կախարդական փայտիկ կա, ես երեւի հասկանում եմ, էդ կախարդական փայտիկը երեւի ապագայում ձեր կողմից նշանակվող հանձնակատարի գրպանում ա լինելու, որ նա միանձնյա կարողանա կատարել էն ամբողջը, ինչը կատարել է մի ամբողջ նախարարութւուն»,-հավելեց նա:

Ինչ վերաբերում է պարգեւավճարների հարցին, ապա նա ասաց, որ պետական վերահսկողական ծառայությունն այս հարցով որեւէ արձագանք չտվեց. « Հարգելի պարոն Սանասարյանը պարտիզանական լռությամբ վերաբերվեց պարգեւատրումների հարցին, մի ուսումնասիրություն, վարչական վարույթ իրականացվե՞լ է: Քաղաքացին գնա պետական ծառայողին հարկադրի, ասի անցի քո պարտականությունների կատարմա՞նը»:

Նա մի քանի այլ հարցադրումներով եւս դիմեց վարչապետին. «Ինչո՞ւ չիրականացվեցին արագաչափերը հանելու խոստումները, ինչո՞ւ չիրականացվեցին կարմիր գծերը հանելու խոստումները, ինչո՞ւ չիրականացվեցին առ այսօր տեսանկարահանող սարքերի վերացման խնդիրները, որովհետեւ դրանք գրավոր տեսք չունեին եւ օրենքի ուժ չունեին, դրա համար էլ դուք էսօր ձեզ չեք համարում դրա համար պատասխանատու»,-ասաց նա:

Իր խոսքի վերջում նա ասաց, որ իրենք իսկապես ուզւոմ են՝ այս կառավարությունը չկրկնի նախորդ կառավարությունների սխալները. «Իմ անձնական կարծիքն է, որ ձախողվում են այն իշխանությունները, ում համար ընդդիմությն ձայնը լսելի չէ: Մի բան գոնե հաշվի անելո՞ւ եք ընդդիմության ասածից, որ մենք էլ մեզ զգանք իրացված էստեղ»,-ամփոփեց նա: