«Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն այսօր կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտնեց, որ Կառավարության ծրագրում ոչ մի կոնկրետ բան չկա, միայն հույզեր են:
«Դուք ներկայացրել եք ծրագրի նախագիծ, որը մոտ է Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրին։ Իսկ անցած տարի դուք խիստ քննադատում էիք այդ ծրագիրը՝ այն «կենաց» անվանելով։ Հարցերին եւ մտահոգության արտահայտություններին պատասխանում եք հեգնանքով եւ արհամարհանքով։ Առաջ խոսում էիք սուպերվարչապետության ինստիտուտի վերացման անհրաժեշտության մասին, իսկ հիմա հետաձգում եք դա»,- ասաց նա։
Նա փաստել է, որ Ազգային անվտանգության ծառայությունը եւ Պետեկամուտների կոմիտեն մնում են կառավարության ղեկավարի անմիջական ենթակայության տակ։ Ընդ որում՝ լուծարվում է սփյուռքի նախարարությունն ու ստեղծվում լիազորի ինստիտուտ կառավարության ղեկավարին առընթեր՝ դրանով իսկ սուպերվարչապետության համակարգը խորացնելով։
Գեւորգ Գորգիսյանը նաեւ ընդգծել է, որ ծրագրում նշված է ընդամենը 11 թվային ցուցանիշ, 95 անգամ հանդիպում է «պետք է» արտահայտությունը, իսկ «անհրաժեշտ է»-ն՝ 33 անգամ։ «Մի տարի հետո հարցնելու ենք՝ «իսկ ի՞նչ է արվել», դուք պատասխանելու եք՝ «պետք է», երկու տարի հետո՝ նորից «պետք է», իսկ հինգ տարի հետո՝ «հիմա ընտրություններ են, ժողովուրդը կորոշի»։ Ելույթից եւ ներկայացված ծրագրից կարելի է եզրակացնել, որ ամեն բան արվել է՝ պատասխանատվությունից խուսափելու եւ ամեն ինչ ժողովրդի վրա բարդելու համար»,- ասել է պատգամավորը։
0Comments