Մենք հիմա ունենք ներքին և արտաքին միջնորդության սուր կարիք. ներսում՝ ներքին հաշտեցման գնալու, դրսում՝ պետական շահերը պաշտպանելու։ Երկուսն էլ այս պահին ցավալիորեն տապալում ենք: Այս մասին իր ֆեյսբուքյանէ ջում գրել է Այլընտրանքային խմբեր նախագծի անդամ Վահե Հովհաննիսյանը:
«Որտեղ էր Լուկաշեկոն 1917 թ-ին
Ռազմական բունտի առաջին ժամերին Պուտինի ելույթում կատարվողը հեռավոր 1917-ի անալոգիայով դիտարկելը բավականին ճշգրիտ էր իր պատմական մասշտաբայնությամբ։ Բայց իսկապե՞ս շատ հեռավոր է չարաբաստիկ 1917-ը։
Ռուսաստանը կրկին համաշխարհային առճակատման մեջ է, և ֆրոնտի փլուզումը հանգեցնելու էր Ռուսաստանի համար ահռելի կորուստների, որոնց ճշգրիտ սահմանները դժվար է պատկերացնելը։
Դա մեր 5+2 շրջանը չէ, որը մեր պետական ինֆանտիլիզմի պատճառով քանդվեց։ Դա Ռուսաստանն է՝ իր անծայրածիր չափերով ու 150 մլն բազմազգ բնակչությամբ։
Որքանո՞վ էր իրական քաղաքացիական պատերազմի հնարավորությունը Ռուսաստանում։ Դրա պատասխանը նույն Պուտինի օրոք կասեցված չեչենական պատերազմի, ազգայնական–գլոբալիստական հոսանքների ներկայիս գերսրվածության, և իհարկե, անարդարությունների տիրույթում է։ Մյուս կողմից, 24 ժամվա ընթացքը ցույց տվեց, որ լայն զանգվածները հակված չէին ողջունելու «հեղափոխական զարգացումները»։
1917-ի անալոգիան ճշգրիտ էր նաև այլ ժողովուրդների տեսանկյունից, մասնավորապես՝ հայ ժողովրդի, որի մի մասը ուրախանում էր ռուսական դեպքերով։ Ուղղակի ապշեցուցիչ է, որ 100 տարվա պատմությունը, երկու անգամ ձեռք բերած անկախ պետականությունը, հաղթած և պարտված պատերազմները ու անհամար աղետները հայ ժողովրդին չեն հասունացրել, և մեր պետական մտածողության մակարդակը գրեթե հեռավոր 1917-ի վրա է։
Ստացվում է՝ մենք պատմական որևէ տարեթվից հետևություն չենք անում. ո´չ 1915-ից, ո´չ 1918-ից, 1920-ից, 2018-ից, և ոչ անգամ՝ 2020-ից։ Հայ ժողովրդին այդպես էլ նրա վերնախավերը չբացատրեցին, թե ո´ր տարեթիվը ի´նչ սխալների կամ ինչ զարգացումների հետևանք էր։ Բայց դրա համար պետք էր, որ նախևառաջ վերնախավերն իրենք հասկանային։ Պաթոլոգիկ ցիկլը 100-200 տարի գործել է անխափան։ Սա նշանակում է, որ մենք բոլորս հիմա համատեղ հասունացնում ենք նոր ողբերգական ամիս-ամսաթիվ։
Անխուսափելի՞ է այս ընթացքը. միանշանակ՝ ոչ։ Մենք արդեն ունենք ազգային-առաջադիմական լավ պոտենցիալ, որը մերժում է բոլշևիզմի նախկիններ-նորեր դրոշը, մերժում է տգիտությունը որպես ազգային արժեք ընկալելը, տեսնում է հասարակական համակեցության և արդար բարքերի կարևորությունը, և տեսնում է ժամանակակից պետության հնարավորությունը։
Այդ մարդկային պոտենցիալը մենք ունենք, իհարկե դժվար է լինելու, որովհետև դիմացը կանգնելու են բոլշևիզմի, տգիտության, խեղճության կուռ շարքերը՝ իրենց առաջնորդներով։
Եվ վերջում. երեկվա պատմական օրը ցույց տվեց, թե որքան կարևոր ինստիտուտ է միջնորդությունը և ճիշտ միջնորդը։ Պայմանական ասած, եթե 1917-ին լիներ Լուկաշենկոն, չէր բացառվում, որ պատմությունը այլ կերպ զարգանար։ Եթե 2018-2020 թթ-ին ճիշտ հասկանայինք միջնորդության (Մինսկի խումբ) բովանդակությունը և մեսիջները, ապա հնարավոր է՝ պատերազմ չլիներ, և չլիներ աղետը։
Մենք հիմա ունենք ներքին և արտաքին միջնորդության սուր կարիք. ներսում՝ ներքին հաշտեցման գնալու, դրսում՝ պետական շահերը պաշտպանելու։ Երկուսն էլ այս պահին ցավալիորեն տապալում ենք»,- ասվում է գրառման մեջ:
0Comments