Դանիայի կառավարությունը որոշել է 21 միլիարդ դոլար ներդնել պաշտպանության ոլորտում

Մանրամասներ

Դանիայի կառավարությունն առաջարկել է առաջիկա 10 տարվա ընթացքում 143 միլիարդ դանիական կրոն (21 միլիարդ դոլար) ներդնել պաշտպանության ոլորտում: Ըստ Դանիայի կառավարության՝ Ուկրաինային ռազմական ընդլայնված աջակցության հետ միասին դա կօգնի հասնել ՆԱՏՕ-ի ծախսերի պլանի կատարման պարտավորությանը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

«Մենք պետք է ավելի մեծ չափով համապատասխանենք այն պահանջներին և ակնկալիքներին, որոնք ՆԱՏՕ-ն և նրա դաշնակիցները դնում են Դանիայի վրա: Դա պահանջում է ավելի շատ ներդրումներ մեր զինված ուժերում՝ պատասխանատվության մեր բաժինը կատարելու համար», – մամուլի ասուլիսում հայտարարել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Տրոելս Լունդ Պոուլսենը:

Դանիայի տարեկան պաշտպանական ծախսերը 2033 թ.-ին պետք է հասնեն 19,2 միլիարդ կրոնի (2,8 միլիարդ դոլարի)՝սկսած 2024 թ.-ի պաշտպանական բյուջեով նախատեսված 6,9 միլիարդ կրոնի (գրեթե 1 միլիարդ դոլարի) ավելացումից: Կառավարությունում ընդգծել են, որ առաջարկը սահմանում է պաշտպանական ընդհանուր ծախսերը, որոնց շրջանակներում մշտապես կհամաձայնեցվեն փաստացի ռազմական գնումների վերաբերյալ որոշումները։

Այնուամենայնիվ, ըստ Դանիայի կառավարության, երկիրը ՆԱՏՕ-ի չափանիշները կբավարարի 2030 թ.-ին:

Մայիսի կեսերին Դանիայի կառավարությունը ներկայացրել է երկրի արտաքին և անվտանգության քաղաքականության նոր ռազմավարությունը, որում նշվել է մինչև 2030 թվականը պաշտպանական ծախսերի փուլային ավելացման մասին՝ մինչև ՀՆԱ-ի 2%: Ներկայում պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 1,4%-ից պակաս են: