Թուրքիայիում իշխող «Ժողովուրդ» դաշինքի նախագահի թեկնածու, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քվեարկել է Ստամբուլում՝ Ուսքյուդարի դպրոցներից մեկում։
Էրդողանը քվեարկությունից հետո նշել է․ «Երեկոյան հաշվարկից հետո մեր երկրի, մեր ազգի և թուրքական ժողովրդավարության համար հաջող ապագա եմ Ալլահից խնդրում։ Եվ թուրքական ժողովրդավարության ուժի ցուցադրման տեսանկյունից շատ-շատ կարևոր է, որ մեր բոլոր ընտրողներն այսպես, առանց անհանգստանալու մինչև երեկոյան ժամը 17։00-ն քվեարկեն»:
Ընդդիմադիր «Ազգ» դաշինքի նախագահի թեկնածու, «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս, քվեարկել է Անկարայում՝ Չուքուրամբարի դպրոցներից մեկում։
Քըլըչդարօղլուն քվեարկությունից հետո նշել է․ «Բոլորս շատ ենք կարոտել ժողովրդավարությունը։ Բոլորս շատ ենք կարոտել միասին լինելը։ Բոլորս շատ ենք կարոտել գրկախառնվելը։ Այսուհետ կտեսնեք, Ալլահի կամքով, այս երկիր գարուններ են գալու և գարունները միշտ շարունակվելու են»։
Մայիսի 11-ին թեկնածությունը ետ վերցրած «Երկիր» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն և «Նախնի» դաշինքի նախագահի թեկնածու Սինան Օղանը նույնպես քվեարկությանը մասնակցել են մայրաքաղաք Անկարայում։
Թայիփ Էրդողանի կոալիցիոն գլխավոր գործընկեր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին քվեարկել է Անկարայում, իսկ Քեմալ Քըլըչդարօղլուի կոալիցիոն գլխավոր գործընկեր «Լավ» կուսակցության (İYİ Parti) առաջնորդ Մերալ Աքշեները` Ստամբուլում։
Թուրքիայում մայիսի 14-ին՝ առավոտյան ժամը 08.00-ին, մեկնարկել են 13-րդ նախագահի և 28-րդ գումարման խորհրդարանի ընտրությունները։ Քվեարկության գործընթացն ավարտվելու է ժամը 17։00-ին։
Աղբյուր` Ermenihaber.am
0Comments