Փնտրեք ոչ թե թվեր, այլ թեզեր և կտեսնեք կառավարության տեսլականը. Հակոբ Արշակյան

Թվեր քննարկվել ու առաջադրվել են, թե ինչ ձևաչափով դրանք կհրապարակվեն

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախարարությունների կառուցվածքային փոփոխությանը՝ նշեց, որ ինչ-որ չափով հստակություն առկա է նախարարության կառուցվածքի հետ կապված, այսինքն՝ առկա է այն ձևաչափը, որի շուրջ քննարկումները տեղի են ունենում։  Ըստ նրա՝ ՏԿՏՏ-ի կառուցվածքը կփոխի և առաջնային կդառնան բարձր տեխնոլոգիաները, թվայնացումն ու ռազմարդյունաբերությունը։

«Հեղափոխական է, քանի որ բարձր տեխնոլոգիաները, ռազմարդյունաբերությունը դրվում է գերակա դիրքի, ստեղծվում է առանձին գերատեսչություն, որն այդ ոլորտն առաջ կտանի։ Շեշտակի ավելացում է տեղի ունենալու ռազմարդյունաբերության, գիտատեխնիկական, գիտահետազոտական ոլորտում։ Շատ անգամ ռազմարդյունաբերության ոլորտը թյուր ընկալում ունի, քանի որ, երբ խոսվում է դրա մասին, մարդիկ տանկ ու հրանոթ են պատկերացնում։ Ներկա իրավիճակում աշխարհում փոխվել են մարտի վարման կանոնները, այն հին տեխնոլոգիաներին զուգահեռ նաև ռադիոէլեկտրոնային ու ինֆորմացիոն զենքեր են օգտագործվում, անօդաչու թռչող սարքեր, կապի միջոցներ  և այլն»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին և  քննադատությանը, թե թվեր չկան, նախարարը նշեց. «Թվեր քննարկվել ու առաջադրվել են, թե ինչ ձևաչափով դրանք կհրապարակվեն, այս պահին կդժվարանամ ասել, մեր ծրագիրը կբնութագրեի որպես նախաձեռնողական, որպես ռիսկ վերացնելու ու իրականացնելու։ Կառավարության տեսլականն ամբողջությամբ պարփակված է այս ծրագրում, կցանկանայի, որ ոչ թե թվեր, այլ թեզեր փնտրեք, քանի որ այդ ժամանակ կտեսնեք, թե ՀՀ զարգացման ինչպիսի տեսլական ունի կառավարությունը»։