Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 8-ի արտահերթ նիստում հավանություն տվեց իր ծրագրին եւ ուղարկեց ԱԺ:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ վերջին 1,5 օրում իրականացվել են խմբագրական աշխատանքներ, մաքսիմալ փորձել են ներկայացված առաջարկները ներառել ծրագրում: «Կարծում եմ՝ ստացանք շատ լավ ծրագիր, մեծամփոփ բովանդակությամբ, ճիշտ կառուցվածքով, սկզբունքների համակարգի այն ամբողջությամբ, որն անհրաժեշտ է ունենալ ծրագրում: Ծրագրի հետ կապված անելիքների գործիքակազմը եւ թվային ցուցանիշները արտացոլված կլինեն ոլորտային ծրագրերում, որոնցով մենք կսկսենք զբաղվել կառավարության ծրագրի հաստատումից անմիջապես հետո»,-ասաց նա:
Նշենք, որ ըստ Սահմանադրության` այսօր կառավարության ծրագիրը ներկայացնելու վերջնաժամկետն է, եւ այն պետք է արդեն ուղարկվի խորհրդարան, որից 24 ժամ հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կհայտարարի առաջին նստաշրջանի շարունակման օրը` քննարկման առարկա դարձնելով այդ փաստաթուղթը։
Թեեւ փետրվարի 6-ին կառավարության ծրագրի նախագիծը հրապարակվել էր, սակայն կառավարության նախորդ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր մինչեւ վերջին օրը սպասել, շանսը օգտագործել եւ խմբագրական աշխատանքներ կատարել։
0Comments