Մեքսիկայի իշխանությունները հայտարարել են երկրում թմրանյութերի խոշոր լաբորատորիա հայտնաբերելու մասին, որտեղ արտադրվել են սինթետիկ թմրանյութեր, հաղորդել է Մեքսիկայի պաշտպանության նախարարությունը։
Այդ մասին տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:
Ինչպես ասվում Է Մեքսիկայի կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, փետրվարի 14-ին Սինալոա նահանգի Կուլիական մունիցիպալիտետի մերձակայքում հետախուզություն իրականացնող զինծառայողները հայտնաբերել են արտադրական կենտրոն և ընդհատակյա լաբորատորիա, որտեղ պատրաստվում են ֆենտանիլի հաբեր և մետամֆետամին։
Շինություններում կատարված խուզարկության ժամանակ, ենթադրաբար, առգրավվել է 128 կիլոգրամ ֆենտանիլի փոշի, գրեթե 630 հազար ֆենտանիլի հաբեր (մոտավորապես 69 կիլոգրամ), շուրջ 100 կգ մետամֆետամին և թմրամիջոցների արտադրության համար օժանդակ նյութեր։
«Դատելով սարքավորումների քանակից՝ այդ լաբորատորիան կարելի է երկրի պատմության մեջ խոշորագույնը համարել… սինթետիկ թմրանյութերի արտադրության ծավալով», – նշում է Մեքսիկայի պաշտպանության նախարարությունը։
0Comments