«Գազպրոմ Արմենիա»–ն բնական գազ է առաքում «Արցախգազ» ՓԲԸ-ին՝ ՀՀ տարածքում գտնվող առաքման կետում, Արցախի տարածքում գազամատակարարման հարցերը «Գազպրոմ Արմենիա»-ի իրավասությունից դուրս են

Մանրամասներ

Tert.am-ը հարցմամբ դիմել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ պարզելու, թե ինչպե՞ս է կազմակերպվում Արցախի Հանրապետության գազամատակարարումը և, մասնավորապես, ինչպե՞ս է տեխնիկապես հնարավոր պարբերաբար դադարեցնել և վերականգնել գազամատակարարումը։

«Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունից  Tert.am-ին տեղեկացրեցին, որ ընկերությունը բնական գազ է առաքում «Արցախգազ» ՓԲԸ-ին՝ ՀՀ տարածքում գտնվող առաքման կետում։

«Մասնավորապես՝ բնական գազի առաքումն իրականացվում է Սյունիքի մարզի Տեղ բնակավայրի մոտակայքում գտնվող Տեղ չափիչ հանգույցի միջոցով։ Նշված չափիչ հանգույցում ավարտվում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տեխնիկական գործառույթները և Արցախի Հանրապետության տարածքում գազամատակարարման ցանցի վերաբերյալ մնացած հարցերը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի իրավասության շրջանակից դուրս են», - նշեցին ընկերության մամուլի ծառայությունից։

Ինչպես հայտնի է, Արցախը սնուցող գազատարի մի հատված  պատերազմի հետևանքով անցել էր ադրբեջանական վերահսկողության ներքո։  Հայտնի է նաև, որ հետագայում գազատարի այդ հատվածում  ադրբեջանցիները տեղադրել են համապատասխան փական, ինչը նրանց թույլ է տալիս ցանկացած պահի դադարեցնել և վերականգնել Արցախի գազամատակարարումը, որի ականատեսն ենք այս օրերին։

Ընկերությունից նաև հայտնեցին, որ գազամատակարարման հետ կապված խնդիրների դեպքում՝ անվտանգության և տեխնիկական նկատառումներից  ելնելով, «Արցախգազ» ՓԲԸ-ն օպերատիվ դիմում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին բնական գազի փոխադրումը Տեղ չափիչ հանգույցից  ժամանակավորապես դադարեցնելու համար, ինչին «Գազպրոմ Արմենիա»-ն համապատասխան արձագանքում է։