«Ետծննդյան» շրջանում մնում է հիստերիա ներկայացնել, որ «ճար չկա, Մոսկվան սեղմում է, պիտի զիջենք», ու խմբով համբարձվեն «ի վերինն» Մոսկով

Մանրամասներ

Որն է Փաշնյանի ասելիքը այսօրվա ասուլիսին: Ճար չունենք, միայնակ ենք, դաշնակիցները չեն հետաքրքրվում ՀՀ վիճակով, Բերձորի միջանցքի բացմամբ։ 120 հազար մարդ հումանիտար աղետի շեմին է, տեսեք, առատ ձյունն էլ իր հերթին է փակել միջանցքը։ «Ադրբեջանը» անկլավներ ունի ՀՀ հյուսիս-արեւելքում։ Բանակում ռեֆորմներ ենք անում, բայց բանակը «ուրիշի տարածքներ գրավելու» համար չէ։ Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղեր դատարկվել են, Ջերմուկում տեսնում եք ինչ վիճակ է։ Մենք հաստատակամ ենք խաղաղության մեր օրակարգում, 29,8-ի հարցում, բայց դա էլ, տեսեք, հաստատ չէ, բոլոր իշխող բարձրունքները «Ադրբեջանի» ձեռքին են։

Հրաժարվենք իրավունքներից ու պահանջներից, որ ապահովենք միջազգային հանրության կոնսոլիդացիան մեր գոյությունը պահելու համար։ Ներքին կոնսենսուսը արդեն կա՝ մենք էլ, խորհրդարանական ընդդիմությունն էլ հավատարիմ ենք նոյեմբերի 9-ի թղթին։ Հրապարակում աննախադեպ ճոխ տոնածառ ու չտեսնված գունավոր լույսեր ենք դրել, ՀՆԱ աննախադեպ աճ ունենք, Հիսուս Քրիստոսի 33 մետրանոց արձանն էլ կտեղադրվի։ Որ տերը մեզ թույլ չտա շեղվել ճիշտ ճանապարհից։

Ինչն է բերել այս զառանցանքին

2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումը չափազանց կաղ, թույլ պատճառաբանություն ունեցավ: Մի կողմից ասվում էր, թե պաշտպանվող չէր մնացել, մյուս կողմից էլ, թե «ստորագրվեց որ փրկվի 25 հազար զինվորի կյանք»: Ետպատերազմյան զիջումների պատճառաբանությունը ավելի կուռ կառույց էր պահանջում ու նման բան կառուցվեց:

Այժմ, զիջումների գնալու Փաշինյանի հիմնական պատճառաբանությունը հետեւյալն է. «Եթե չզիջենք Բաքվին, ապա կենթարկվենք Մոսկվայի ավելի մեծ ճնշումների եւ ստիպված կլինենք արդեն գնալ Միասնական պետությանը անդամակցելու ճանապարհով, ինչը նշանակելու է Հայաստանի ինքնիշխանության լիակատար կորուստ: Բնականաբար, դա անթույլատրելի է, հետեւաբար՝ պետք է զիջել Բաքվին եւ փրկել երկրի անկախությունը»: Թվում է, հայկական ինքնուրույնության դեմ ռուսական ոտնձգությունները, թեպետ ծանր զիջումների գնով, բայց ետ են մղվում:

Ինչ է տեղի ունենում իրականում: Որն է զիջումների անխուսափելիության խաբկանքը

Հակառուսական տրամադրությունների զանգվածային ներդրումը իրականացնում են ՔՊ-ին սպասարկող, սակայն ֆորմալ տեսակետից նրան չառնչվող հայկական զլմ-փորձագիտական բազմաթիվ անձնակազմեր nonstop ռեժիմով՝ ամիսներ շարունակ: Ինքը ռուսական պետությունը, ԱԳ նախարարի եւ ՌԴ նախագահի խոսնակի մակարդակով, ջանք չի խնայում Հայաստանում հակառուսականություն սերմանելու համար: Միաժամանակ, առանց ՌԴ-ին ուղիղ առնչվելու, Բելառուսի դեսպանի միջոցով, շրջանառվում է Միասնական պետությանը ՀՀ անդամակցելու գաղափար-առաջարկը: Այսպիսով, ամեն ինչ պատրաստ է հայկական հանրային կարծիքի մանիպուլացիայի եզրափակիչ արարի համար:

Նախապատրաստած մռայլ ֆոնին, ինչպես կայծակը անձրեւի կարոտ երկնքում, շառաչում է ՀՀ ԱԽ քարտուղար Գրիգորյանի ամբաստանությունը ՌԴ հասցեին: Այնուհետեւ ՀՀ վարչապետն է միանում ամանորյա ուղերձով: Հիմա, արդեն «ետծննդյան» շրջանում մնում է հիստերիա ներկայացնել, որ «ճար չկա, Մոսկվան սեղմում է, 120 հազար հայրենակիցն էլ բլոկադայի մեջ է՝ պիտի զիջենք հանուն ազատության, հանուն կենաց, հանապազօր հացի եւ նման բաների: Միգուցե նաեւ հանուն սիրո ու ռազմավարության, կամ որոտացող «ռ» հնչյունով էլի մի քանի բանի, հավանաբար:

Ինչ է պետք Մոսկվային իրականում եւ ինչ պետք չէ

Այսպիսով, ՀՀ կենսական շահերը զիջվում են Բաքվին եւ Անկարային: Մնում է պարզել, թե ինչ է շահում այս մանիպուլատիվ կոմբինացիայից Մոսկվան, չէ որ նրա վարկը անհույս փչացած է: Այստեղ է, որ գալիս է ճշմարտության պահը: Մոսկվային այլեւս հարյուր տարի, պատկերավոր ասած, պետք չէ ոչ հայության շրջանում իր բարի համբավը, ոչ հայությունն ինքը իբրեւ միասնական հանրույթ, ոչ էլ առավել եւս հայկական պետությունը: Մոսկվային պետք չէ Հայաստանի հետ Միասնական պետությունը նույնպես: Պետք չէ Միասնական պետությունը՝ որպես այդպիսին: Միասնական պետությունը ֆեյք է: Մոսկվայի կայսերական նկրտումները ֆեյք են՝ դրանք մի կողմ են դրվել վերջնականապես 2022 թվականի փետրվար 24-ին: ՌԴ ընդհանուր նպատակների մասին կարդացեք այստեղ:

Մոսկվային Կովկասի հարավային մատույցներում պետք է մեկ բան՝ իր հեռանալուց հետո քարտեզից Հայաստանի բացակայություն, ինչին նա հասնում է հակառուսականություն սերմանելու մանիպուլյատիվ տեխնոլոգիայի միջոցով: Եւ «արեւմտամետ» Նիկոլ Փաշինյանի ու խմբակի միջոցով, անշուշտ, որոնք «գերազանց» գնահատականով կատարած կլինեն իրենց 2018 թվականի ռուս-թուրքական առաջադրանքը եւ, ամենայն հավանականությամբ, խմբովի էլ կհամբարձվեն «ի վերինն» Մոսկով, որը ինչպես հայտնի է երկրորդ Հռոմն է, եւ ով գիտե, գուցե եւ Երուսաղեմը: Ինչի ասես չեն դիմի պետությունները հանուն պետական բարձր շահերի: Մանիպուլյատիվ տեխնոլոգիաների դասագրքերում 2018-2023 թթ. հայկական նմուշը կներկայացվի «Հայաստանում հակառուսական տրամադրությունները՝ իբրեւ ռուսական ծրագրերի իրականացման միջոց» խորագրի ներքո:

Առակը ինչ կցուցանե

Նոյեմբեր 9-ի զիջումները պարտադիր չէին: Ներկայիս զիջումները պարտադիր չեն: Մի հավատաք մեկ անգամ ձեզ խաբածին՝ նորից է խաբելու: Մի հավատաք խեղկատակին՝ քրքիջն ու ողբը կեղծ են: Մի հավատաք, ով կասի ես գիտեմ ճիշտը: Հավատացեք ամեն բան կասկածի տակ դնողներին, քանզի ճիշտը ի վերջո գտնելու են՝ ձեր մասնակցությամբ ավելի արագ: Երկրում եւ արտասահմանում հազարավոր խոհեմ եւ ուսյալ մարդիկ կան, տասնյակ հազարավոր նվիրյալներ՝ ազգը նենգ թշնամու ամենաբարդ որոգայթից ազատելու ունակ: Հավատանք ինքներս մեզ:

Սկզբնաղբյուր