Երկիր մոլորակը պաշտպանող օզոնային շերտի վերականգնումն ընթանում է ամբողջ թափով

Մանրամասներ

Արեգակի վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթումից Երկիր մոլորակը պաշտպանող օզոնային շերտի վերականգնումն ընթանում է ամբողջ թափով: Ըստ ՄԱԿ-ի աջակցությունն ունեցող գիտնականների հաշվետվության՝ օզոնային շերտի վերականգնման դինամիկան դրական է: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:

Ըստ հաշվետվության՝ վերջին չորս տարվա ընթացքում զգալիորեն կրճատվել են քլորֆտորածխածինների՝ օզոնը քայքայող քիմիական նյութի արտանետումները: Հաղորդվում է, որ այդ արտանետումները հիմնականում եղել են հյուսիսարևելյան Չինաստանի ֆաբրիկաներից: Քլորֆտորածխածինների արտանետումների կրճատումը դրական ազդեցություն է ունեցել օզոնային շերտի վերականգնման դինամիկայի վրա։

«Վերջին չորս տարվա հաշվետվության համաձայն՝ օզոնի վերականգնումն ընթանում է՝ ըստ գրաֆիկի. սա ֆանտաստիկ նորություն է», – հայտարարել Է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի՝ օզոնի ծրագրի հարցերով քարտուղարության գործադիր քարտուղար Մեգ Սեքին:

Այն բանից հետո, երբ Անտարկտիդայում գրանցվեցին օզոնի մեծ սեզոնային կորուստներ, 1987 թվականին ստորագրվեց օզոնային շերտը քայքայող նյութերի շուրջ Մոնրեալի արձանագրությունը, որը կոչված Էր սահմանափակել օզոնաքայքայիչ նյութերի արտադրությունն ու արտանետումները: Արձանագրությունը համարվում է երբևէ կնքված ամենահաջող բնապահպանական պայմանագրերից մեկը:

Գիտնականները հաշվարկել են, որ եթե օզոնաքայքայիչ նյութերի արտանետումները նվազեցնելու ներկայիս քաղաքականությունն ուժի մեջ մնա, ապա օզոնային շերտը կվերականգնվի մինչև 1980 թվականի ցուցանիշները՝  Անտարկտիդայում՝ մինչև 2066 թվականը, Արկտիկայում՝ մինչև 2045 թվականը, իսկ աշխարհի մյուս հատվածներում՝ մինչև 2040 թվականը: