Արդեն 26 օր ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Արցախում՝ Ստեփանակերտի Մայր Տաճարում, Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության պատարագ է մատուցվում։
Մարդիկ այսօր միմյանց ողջունում են հետեւյալ խոսքերով. «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ», որի պատասխանն է` «Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի, մեզ եւ ձեզ մեծ ավետիս»:
Պատարագից հետո կատարվում է Ջրօրհնյաց կարգ` ի հիշատակ Հիսուսի մկրտության: Խաչը ջուրն են իջեցնում եւ օրհնում, ինչպես Հիսուս օրհնեց ջուրն իր մկրտությամբ: Պատարագիչ քահանան սրբալույս Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ եւ օրհնում այն: Ավանդության համաձայն`ժողովուրդն այդ ջրից տուն է տանում` որպես օրհնություն:
Ս. Ծննդյան տոնից հետո քահանաներն այցելում են հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը՝ կատարելով Տնօրհնեքի արարողություն:
Ըստ հայ առաքելական եկեղեցու՝ ծննդից 30 տարի հետո Քրիստոսը նույն օրը՝ հունվարի 6-ին, մկրտվեց Հորդանան գետում:
0Comments