«Մենք ընդգծում ենք Կովկասյան տարածաշրջանում ներկայիս աշխարհաքաղաքական գծերի պահպանման անհրաժեշտությունը։ Անվտանգությունը փոխադարձ խնդիր է։ Անվտանգությունն ապահովվում է, երբ ապահովված է յուրաքանչյուր մարդու անվտանգությունը», հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Աբդոլահիանը, անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրադրությանն ու ճանապարհի արգելափակմանը: Իրանն այդ թեմային բարձր մակարդակով անդրադառնում է կարծես թե բավականին ուշացումով: Համենայն դեպս, եղած միջազգային արձագանքների շարքում Իրանի ձայնը կարծես թե շատ ցածր էր, կամ ընդհանրապես չկար: Միեւնույն ժամանակ, երբ այն հնչում է արտաքին գործերի նախարարի մակարդակով, ձեւակերպումների առումով բավականին բազմիմաստ է, ի տարբերութուն մինչ այժմ եղած միջազգային հայտարարությունների:
Մասնավորապես, իրանցի բարձրաստիճան պաշտոնյան խոսում է այն մասին, որ «ընդգծում» են աշխարհաքաղաքական գծերի պահպանման անհրաժեշտությունը: Ընդ որում, ուշադրության արժանացնենք հանգամանքը, որ Թեհրանը գոնե առայժմ եւ այս խնդրով խոսում է ոչ թե սահմանների, այլ «աշխարհաքաղաքական գծերի» պահպանման մասին: Թեհրանի արձագանքը կարծես թե պարունակում է ակնարկ, որ Լաչինի միջանցքում տեղի ունեցողը «հղի» է ստատուս-քվոյի փոփոխությամբ, որն Իրանի համար ընդունելի չէ: Ինչ կարող է նշանակել դա, այդքան էլ պարզ չէ, եթե իհարկե Թեհրանը երբեւէ խոսում է բավականաչափ պարզ, բայց, որ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակն իր բնույթով այնպիսին է, որ որեւէ հանգուցալուծման պարագայում ստատուս-քվոյի որեւիցէ փոփոխություն թվում է անխուսափելի, դիտարկել եմ օրեր առաջ հրապարակված մեկնաբանությունում:
Հուսեյն Աբդոլահիանի հայտարարությունը թերեւս հաստատում է այն, որ դա իսկապես հանգուցալուծման այն գինն է, որ դրված է սեղանին: Ընդ որում, գուցե առանձին ուշադրության է արժանի այն, որ Թեհրանն այդ նշանակալի մակարդակում իրավիճակին անդրադառնում է գրեթե մեկ շաբաթ անց, եւ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Մեծբրիտանիայի գաղտնի հետախուզության ղեկավարի Հայաստան կատարած այցի եւ Հայաստանի վարչապետի հետ հանդիպման մասին:
0Comments