Հրեշավոր ծրագիրը. Ինչ է կատարվում Արցախում. Ռուս «խաղաղապահների» երկու հատուկ գործողությունը

Մանրամասներ
ա

Արցախում ռուսական «խաղաղապահ» կոնտինգենտը երկու օրվա ընթացքում երկու «սխրանք» գործեց․ նախ, Բաքվի ինչ որ «բնապահպանական աշխատակիցների» հետ փակեց Գորիս-Ստեփանակերտ մայրուղին, ապա նրանց ուղեկցեց Ստեփանակերտի մոտ գտնվող իրենց շտաբ, որտեղ, ըստ Բաքվի զլմ-ների՝ «բանակցություններ տեղի ունեցան, եւ պայմանավորվեցին ճանապարհային քարտեզի շուրջ», ըստ որի՝ Բաքվի ներկայացուցիչներն ազատորեն «մոնիտորինգ» են անցկացնելու լեռնահանքային ոլորտում։

Այդպիսով, Մոսկվան ստեղծեց Լաչինի միջանցքը փակելու նախադեպ, այնտեղ Բաքվի անցակետ տեղադրելու եւ առաջիկայում Բաքվին հանձնելու նպատակով։ Ռուսական կոնտինգենտի այս ակտը հետեւեց Լավրովի հայտարարությանը, ըստ որի՝ Արցախն «Ադրբեջանի» տարածք է, Բաքուն պատրաստ է ապահովել հայ բնակչության անվտանգությունը։

«Խաղաղապահներն» իրագործում են այս քաղաքականությունը։ Այսպես կոչված «մոնիտորինգի խմբին» Ստեփանակերտ ուղեկցելն ու ճանապարհային քարտեզի վերաբերյալ պայմանավորվածությունը Արցախի տարածք Բաքվի էմիսարների ազատ մուտքի եւ աստիճանաբար իրավազորությունը տարածելու նպատակ ունի՝ Արցախը Բաքվին հանձնելու լավրովյան պլանի համաձայն։ Ռուսները դա կձեւակերպեն «խաղաղ համակեցություն եւ հաղորդակցությունների բացում»։

Թե ինչ է թաքնված այս ձեւակերպումների տակ՝ երեւաց «խաղաղապահների»՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղին փակելուց մեկ օր անց, Գետավանում, որտեղ նրանց ուղեկցությամբ Բաքվի շարասյունը կանգ է առնում, հատուկ ծառայությունների աշխատակիցներն իջնում են մեքենայից եւ բախումներ հրահրում։ Նախ, նրանք չպետք է լինեին շարասյան մեջ, երկրորդ՝ շարասյունը չպետք է կանգներ, իսկ եթե կանգնել էր «տեխնիկական պատճառով», ինչպես պնդում են ռուսական կողմն ու Արցախի ՆԳՆ-ն, ոչ ոք չպետք է դուրս գար մեքենաներից։ Ի դեպ, գետավանցիները պնդում են, որ այդ աշխատակիցները մշտապես անցնում են շարասյուներով, այսինքն՝ ռուսները գիտեն՝ ովքեր են նրանք։

«Խաղաղ համակեցությունը եւ հաղորդակցությունների բացումը» վերաբերում է միայն Բաքվին՝ հայերի համար եղած հաղորդակցությունները փակվում կամ սահմանափակվում են, իսկ խաղաղ համակեցության տակ Մոսկվան ու Բաքուն նկատի ունեն հայերի ենթարկումը Բաքվին, կամ նրանց բռնագաղթեցումը։ Այդ մասին անթաքույց հայտարարում են Մոսկվայից ու Բաքվից, պաշտոնական մակարդակով։

«Դա հարված է ռուս խաղաղապահների հեղինակությանը եւ առաքելությանը» եւ նման տիպի ապուշություններով հայկական իշխանություններն ընդամենը արդարացնում ու լեգիտիմացնում են ռուսական կոնտինգենտի գործողությունները, որոնք ուղղված են Արցախի հայաթափմանը եւ Բաքվի չեղած իրավունքների հաստատմանը։ Փառուխը, Բերձոր-Աղավնոն միայն սկիզբն են։

Այս հրեշավոր ծրագիրը կանգնեցնելը հնարավոր է, դրա համար դիմադրություն եւ ինքնիշխան որոշումներ են պետք, այդ թվում՝ տեղական մակարդակներում։ Դրա հիմքը իրավիճակի հստակ գնահատականն է պատասխանատվության հստակ մատնանշումով, ինչը կկապի Մոսկվա-Բաքու տանդեմի ձեռքերը։ Բաքվի գործողություններն առաջնորդողն ու երաշխիքը ռուս «խաղաղապահներն» են, չարժե դրանում համոզվել արդեն վերջին հայի գնով։

Սկզբնաղբյուր