ՀՀ Երկրորդ Նախագահի կողմնակիցները, մե՛կ մեծարում են նրան, մե՛կ՝ քարկոծում. Միքայել Սրբազանը հերոս էր, փրկիչ, վերջին հույս…, հետո դարձավ փոշմանող ու «զադնի դնող»
Հունիսի 30, 2025

ՀՀ Երկրորդ Նախագահի կողմնակիցները, մե՛կ մեծարում են նրան, մե՛կ՝ քարկոծում. Միքայել Սրբազանը հերոս էր, փրկիչ, վերջին հույս…, հետո դարձավ փոշմանող ու «զադնի դնող»

Եկեղեցուց հեղափոխություն են ակնկալում առաջին հերթին նրանք, ովքեր իրենք են պարտավոր առաջնորդել քաղաքական գործընթացները։

Գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Քանի օր է շատ ընկերներ ու նույնիսկ անծանոթ մարդիկ ինձ Հայր Ասողիկի այս կամ այն գրառման հղումներն են ուղարկում՝ շատերը խնդրելով կարծիք ասեմ, շատերը զարմացած, շատերն էլ՝ պարզապես վրդովված։

Ի՞նչ խոսք՝ այնպես չէ, թե ես հաճույքով եմ կարդում նրա գրառումները կամ արդարացնում նրա՝ հաճախ բարեվարքության սահմաններն անցնող ձևակերպումները, բայց հասկանում եմ, թե ինչ է ուզում և ինչու է այդպես վարվում։ Առաջարկում եմ հանգիստ թողնենք Հայր Սուրբին ու ոչ միայն նրան…

Նաև Եկեղեցուն։ Հասկանում եմ՝ ասվածս կարող է հիմա և ճիշտ չընկալվել, բայց ինձ թվում է կոնցեպտուալ մեծ սխալ կա, որից ես ինքս էլ, ցավոք, չեմ կարողացել խուսափել։ Մենք բոլորս ուզում ենք, որպեսզի տարբեր իրադարձություններին եկեղեցին արձագանքի այնպես, ինչպես մենք ենք ուզում։ Հայտարարում ենք, որ եկեղեցին մենք ենք ու սկսում վարքագիծ թելադրել։

Այս առումով Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրինակը շատ լավն է։ Քաղաքական միևնույն շրջանակը՝ ՀՀ Երկրորդ Նախագահի կողմնակիցները, մե՛կ մեծարում են նրան, մե՛կ՝ քարկոծում։ Այսպես, երկու օր առաջ Միքայել Սրբազանը հերոս էր, փրկիչ, վերջին հույս… Կրքերը հատկապես թեժացան, երբ «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ միացել է (անկեղծ՝ դեռ չգիտեմ, թե ինչպես) Էդմոն Մարուքյանի, Հովիկ Աղազարյանի ու էն մյուսի Սրբազանի թեկնածությամբ իմպիչմենթի գործընթաց սկսլեու հիպոթետիկ նախաձեռնությանը։ Մի երկու ժամ համացանցում էյֆորիա էր, հետո Միքայել Սրբազանը պահանջեց իր անունը ՉՇԱՀԱՐԿԵԼ վարչապետի թեկնածուների անունների շարքում ու վերջ։ Մի քանի ժամ անց Սրբազանը դարձավ փոշմանող ու «զադնի դնող»։

Հիմա էլ ամբողջ ցանցը քննարկում է, թե իվերջո ինչ եղավ հունիսի 27-ին Մայր Աթոռում՝ Վեհափառ Հայրապետը հանձնե՞ց Միքայել Սրբազանին, թե՞ Սրբազանն ինքը հանձնվեց, թե՞ Արա Զոհրաբյանն ու Արման Թաթոյանը սաղ արեցի՞ն, թե՞ տակից էլի ինչ-որ բան եղավ և այլն, և այլն։

Ինչու՞ են պետք այս բոլոր քննարկումները։ Իմ կարծիքով մի պարզ պատճառով, որովհետև համազգային ամոթի այս կեղտոտ իրողությունից բոլորը փորձում են մաքուր դուրս գալ՝ մեղքը գցելով դիմացինի վրա։ Դրա համար էլ եկեղեցուց հեղափոխություն են ակնկալում առաջին հերթին նրանք, ովքեր իրենք են պարտավոր առաջնորդել քաղաքական գործընթացները։

Անպտուղ և ոչ մի տեղ չտանող քննարկումների մեջ ենք։ Բագրատ Սրբազանը ժամանակին շատ էր ասում, որ իր փողոցում լինելը քաղաքական ուժերի ամոթն է։ Ճիշտ է ասում։ Նրա բանտախցում լինելն արդեն ամենքիս ամոթն է՝ ամեն հայի առանձին-առանձին վերցրած։ Միքայել Սրբազանինը նույնպես, որքան էլ ինձ համար ընդունելի չլինեն նրա մոտեցումները։ Եվ ամոթի այս շղթան պատռելու միայն մեկ ձև կա՝ քաղաքական ուժերը պետք է զբաղվենք քաղաքականությամբ իսկ եկեղեցին՝ Աստծո խոսքը քարոզելով։ Ընդամենը»։

Rate this item
(0 votes)

Լրահոս