Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ արևմտյան երկրները միմյանց դեմ կհանեն Մերձավոր Արևելքի երկրներին՝ ապահովելու նավթի կայուն մատակարարումները:
Իրանի նախագահի խոսքով՝ որոշ երկրներ պատրաստ են ամեն ինչի, որպեսզի տարածաշրջանից իրենց ձեռնտու գնով էներգետիկ ռեսուրսներ վերցնեն։ «Առանց էներգառեսուրսների, արևմտյան երկրները կաթվածահար կլինեն, նրանք ուզում են վերցնել մեր նավթը և մեզ զենք տալ, որպեսզի մենք իրար հետ կռվենք»,- ասել է Փեզեշքիանը:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ձեռք բերելու իր ցանկությունից, հակառակ դեպքում դա կարող է հանգեցնել պատերազմի։ Պետքարտուղարության ղեկավարը նաև սպառնացել է Թեհրանին, որ այդ հարցը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների, սակայն նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով։