Օպերային հայտնի երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանն իր աջակցությունն է հայտնել Միքայել Սրբազանին, ով կալանքի տակ է։
«Մինչև 2017 թիվը սրբազան Միքայել Աջապահյանի հետ ծանոթ չէի։ Այդ տարիներին դեռ Վիեննայում էի ապրում։
Երազ տեսա, որ երգում եմ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում։ Տեղյակ էի, որ, մինչ այդ, Յոթ Վերքում որևէ մենահամերգ տեղի չէր ունեցել։ Զանգահարեցի սրբազանին, ներկայացա, պատմեցի երազիս մասին։ Հարցրեցի, կարելի՞ է…, թույլ չտալով հարցս ավարտել՝ պատասխանեց՝ «քեզ ամեն ինչ կարելի է»… կազմակերպեց համերգը, դաշնամուր և 400 աթոռներ բերվեցին եկեղեցի։ Միայն մեկ բան խնդրեց. հանկարծ ստեղծագործությունները ծափահարություններով չընդմիջվեն, սա եկեղեցի է…լեփլեցուն Յոթ Վերքում երգեցի բացառապես Կոմիտաս։ Ուխտս ի կատար ածվեց։
Անասելի, աներևակայելի ցավ եմ ապրում…
ետ բերեք իմ երազի օրերը…»,- նշել է Պապյանը։