Սոցիալապես անապահովների համար հոսանքը 10 դրամով կէժանանա

Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2019 թվականի փետրվարի 1-ից

Սոցիալապես անապահովների համար 2019թ. փետրվարի 1–ից էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի 10 դրամով։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօր կայացած նիստում քննարկվել են էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայման եւ հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 23-ի №422Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին հարցերը:

Քննարկելով վերոնշյալ հարցերը՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանեց էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրական էներգիայի արտադրության եւ ծառայությունների մատուցման վերանայված սակագները։

Միեւնույն ժամանակ, սակագների վերանայման գործընթացի շրջանակում էլեկտրաէներգետիկական համակարգում ձեւավորվել էր դրական արդյունք, որը հնարավորություն էր տալիս բոլոր սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնել 0.37 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն) կամ սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար՝ 10.01 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։ Նշված հարցը, նախապես քննարկելով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության հետ, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց համակարգում ձեւավորված ընդհանուր դրական արդյունքն ուղղել միայն սոցիալապես անապահով ընտանիքների սակագների նվազմանը՝ 10.01 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։

Այսպիսով, սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի վերանայված սակագներն են՝

ա. ցերեկային սակագին` 29.99 դրամ/կՎտժ` (գործող 40.0 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն,

բ. գիշերային սակագին՝ 19.99 դրամ/կՎտժ՝ (գործող 30.0 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն:

Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2019 թվականի փետրվարի 1-ից: