Այսօր ԱԺ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը հարց ուղղեց Փաշինյանին գազի թանկացման, կուտակվող ներքին պարտքի և դրա փոխհատուցման մասին:
«Ես ձեր մտքերի ընթացքը, անկեղծ ասած, չեմ հասկանում: Իսկ ո՞վ ասեց, որ ներքին պարտք է կուտակվելու: Ես շատ հստակ այդ մասին հայտարարել եմ, ես ասել եմ, որ գազի գինը չի բարձրանալու, դուք ասում եք, որ հայտարարել եմ, որ գազի գինը փաստորեն արդեն բարձրացել է: Պետությունը գազ չի գնում, գազ գնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Եվ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ինչքանով է գազ գնում էդ ուրիշ թեմա է, իսկ պետությունը գործ ունի ՀՀ սպառողների հետ»,- ասաց Ն.Փաշինյանը:
Ըստ նրա՝ ինքն ասել է, որ սպառողների համար գազի գինը 2019-ին չի բարձրանա. «Բանակցությունները վերաբերում են մեր շահերի պաշտպանությանը»:
Վարչապետը նշեց, որ այստեղ կա հայ-ռուսական և ԵԱՏՄ հարթության վրա թեմայի քննարկման անհրաժեշտություն, և ՀՀ կառավարությունը պետք է մասնակցի այդ քննարկումներին ու պաշտպանի ՀՀ շահերը:
«Ինչ վերաբերում է ներքին պարտքի կուտակմանը, դուք արդեն եզրակացություններ եք արել, ձեր խոսքի մեջ ակնարկ կա նույնիսկ էն «ՀայռուսԳազարդի» հայտնի պայմանագրի սխեմաների և այլն, էդպիսի բան չկա և չի էլ լինելու: Համենայն դեպս, այս պահին 2019թ. համար որևէ էդպիսի սխեմա չի աշխատում, ընդհակառակը, մնք խնդիր ենք դնում «Գազպրոմ Արմենիա» ընկերության և էդ համակարգի օպտիմալացման ու արդյունավետության բարձրացման, և էդ ուղղությամբ մենք պետք է աշխատենք»,- ասաց Ն.Փաշինյանը:
0Comments