Աշոտյանը նոր բացահայտումներ է արել՝ Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու ապօրինի գործարքի մասին

Կառավարության կողմից բերվող անհիմն բացատրությունները ստեղծում են նաև վտանգավոր նախադեպեր

ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանը համարում է, որ Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու գործարքի հետ կապված սկանդալը շարունակվում է: Նրա խոսքով, ՊՆ-ի կողմից հրապարակված պատճառաբանությունը չէր կարող հիմք հանդիսանալ Սիրիա ԶՈՒ ստորաբաժանում ուղարկելու համար։

Ֆեյսբուքյան իր էջում նախկին պաշտոնյան մանրամասնում է. 

«Երեկ Հայաստանի ՊՆ-ի կողմից որպես իրավապայմանագրային հիմք հիշատակված Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունների միջեւ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը (27 օգոստոսի, 2001 թ. Դամասկոս) չէր կարող հիմք հանդիսանալ ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումը Սիրիա ուղարկելու համար:

Ահա թե ինչու:

Իրավական գործընթացի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նշված համաձայնագիրը վավերացվել է 2002 թվականին ՀՀ Նախագահի կողմից: Այն չի անցել Սահմանադրական դատարանում եզրակացության և Ազգային Ժողովում վավերացման գործընթացը, քանի որ համաձայնագրի տեքստը այդ պահին գործող «Միջազգային պայմանագրերի» մասին ՀՀ օրենքի համաձայն չէր պարունակում Հայաստանի Ազգային Ժողովի կողմից վավերացման անհրաժեշտության տարրեր: Մասնավորապես, համաձայնագրում չկային Հայաստանի կողմից ֆինանսական պարտավորությունների և զինված ուժերի ստորաբաժանումներ գործուղելու դրույթներ:

Հետևաբար, նշված համաձայնագրի վերաբերյալ գործող իշխանությունների մեկնաբանությունները բացառապես կամայական են և ակնհայտորեն հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու ՀՀ օրենքներին:

Կառավարության կողմից բերվող անհիմն բացատրությունները ստեղծում են նաև վտանգավոր նախադեպեր՝

1. Գործադիր իշխանության կողմից Զինված ուժերի օգտագործումը նեղանձնական քաղաքական նպատակների համար, շրջանցելով երկրի օրենսդիր մարմինը և սահմանադրական դատարանը:

2. Եթե հիմք ընդունվի վկայակոչվող բացատրությունը, ապա հետայսու Հայաստանը կարող է զորք ուղարկել ցանկացած երկիր, որի հետ ունի ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր՝ անկախ այն հանգամանքից, որ այդ համաձայնագրերը չեն նախատեսում նման գործարք:

Այսպիսով եզրակացնում ենք, որ հայկական զորախումբը Սիրիա գործուղելու փաշինյանական որոշումը ապօրինի է, չունի որևէ իրավական հիմնավորում և կարող էր արվել բացառապես նոր միջազգային պայմանագրի հիման վրա»: