Պետք է սկսել «կառուցելու» փուլը. Վահե Հովհաննիսյան

Հայաստանն այն վիճակում չէ, որ սիրողական զարգացում ունենա, որ սիրողական քաղաքականություն տարվի

Հայաստանն այն վիճակում չէ, որ սիրողական զարգացում ունենա, որ սիրողական քաղաքականություն տարվի։ Հայաստանի իրականությունը պահանջում է շատ լուրջ մոտեցում, շատ ավելի ոչ ստանդարտ լուծումներ և շատ ավելի ուրիշ մտածողություն: Այս մասին իր «Ի՞նչ է կատարվում Հայաստանում-2» հոդվածում նշել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը:

Անխուսափելի բարեփոխումներ, հետաձգվող խոսակցություն 

Միակ ճանապարհը՝ երկարաժամկետ արդյունք ունենալու համար, խորքային և գրագետ բարեփոխումներն են։

Հակառակ դեպքում կառավարությունները միշտ ասելու են՝ տնտեսությունը աճում է, արտագաղթը կասեցվել է, իսկ ընդդիմախոսները պնդելու են ճիշտ հակառակը։ Սոցցանցերն ու մեդիան էլ մնալու են լավագույն գործիքները՝ մանիպուլիացիոն կարծիքներ ձևավորելու համար։ Բայց Հայաստանն այն վիճակում չէ, որ սիրողական զարգացում ունենա, որ սիրողական քաղաքականություն տարվի։ Հայաստանի իրականությունը պահանջում է շատ լուրջ մոտեցում, շատ ավելի ոչ ստանդարտ լուծումներ և շատ ավելի ուրիշ մտածողություն։

Ի՞նչ է պետք գրագետ բարեփոխումներ իրականացնելու համար.

ա/ Տեսակետ և պատկերացումներ (դրանք ոչ միշտ են նույն բաները), 
բ/ Այդ աշխատանքին ունակ թիմեր-անհատներ, 
գ/ Քաղաքական կամք։

Ուզում եմ կասկածի տակ դնել մոտ 30 տարի մեր երկրում իշխող տեսակետը, թե իսկական բարեփոխումների համար պետք է միայն քաղաքական կամք։ Դու կարող ես ունենալ այդ կամքը, ինչը շատ կարևոր է, բայց տեսակետ-պատկերացումներ ու դրանք գործադրելու ունակ մարդիկ չունենալու դեպքում կարող ես անել շատ կոպիտ սխալներ, ուղղակի աղետների բերել՝ ամենալավ ու ազնիվ ցանկություններով։

Հիմա հարցը. այսօր Հայաստանում նշված երեք կետերից որո՞նք և ի՞նչ աստիճանի են առկա։ Այս հարցը կարևոր է, որպեսզի մեզնից յուրաքանչյուրն ինքնուրույն ստանա երկու այլ՝ կարևորագույն հարցերի պատասխանները՝ ու՞ր է գնում Հայաստանը, և ի՞նչ պետք է անել։

Ինչպե՞ս կարող են սկսվել լուրջ բարեփոխումները, եթե երկրում մթնոլորտն աշխատանքային չէ։ Ինչպե՞ս է հնարավոր հասարակությանը ներքաշել փոփոխությունների փուլ, եթե երկրի նյուզմեյքերները ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն են։

Խորքային բարեփոխումները լինելու են ցավոտ, լինելու են ոչ պոպուլյար, ուղեկցվելու են վարկանիշի կորստով։ Սա ցանկացած ռեֆորմիստական իշխանության հեռանկարն է։

Բայց այս դեպքում «վատագույնը» լինելու է հաջորդ, խաղաղ ընտրություններում նոր իշխանության ձևավորումը։ Ի տարբերություն՝ ռեֆորմների չգնալուն կամ անգրագետ իրականացնելուն, որն ավարտվելու է հերթական «մերժումով», բայց ավելի հուսախաբված, հետևաբար՝ ավելի ագրեսիվ։

Նոր հարցեր. ի՞նչ ենք ուզում, ինչպե՞ս ենք պատկերացնում

Օրենքները, որոշումները, մյուս կարգավորումները բարեփոխումների տեխնիկական կողմն են, և մեզ մոտ ցավոք, սրանք նույնացվում են բարեփոխումների հետ։

Բարեփոխումների հայեցակարգ կոչվածը մի խումբ պարզ, բայց ամենակարևոր հարցերի պատասխանն է, որոնցից մենք անընդհատ խուսափում ենք, անընդհատ հետաձգում ենք։

Ի վերջո, մի օր մենք պետք է առանց վախենալու խոսենք, թե ինչպե՞ս ենք պատկերացնում այս կամ խնդրի լուծումը, ի՞նչ ենք ուզում ստանալ, ի՞նչ մոդել, ի՞նչ տեսակ։

Կարելի է հարյուրներով կրճատել բուհական կամ ակադեմիական համակարգը, կրճատել կամ ավելացնել ֆինանսավորումը, փոխել մեխանիզմները և ստանալ զրոյական օգուտ։

Մինչև չխոսենք, թե ինչ գիտական համակարգ ենք ուզում ստեղծել Հայաստանում, մինչև չձևակերպենք առաջնահերթությունները, չհաշվարկենք ռեսուրսները, ոչ մի բարեփոխում չի լինի։ Մինչև ինքներս մեզ համար չճշգրտենք՝ ի վերջո ինչպե՞ս ենք պատկերացնում գիտության ճանապարհը Հայաստանում։

Մինչև բաց չխոսենք, չքննարկենք, թե ի՞նչ հանրակրթական համակարգ ենք ուզում ունենալ մեր երկրում՝ հաշվի առնելով մեր իրականությունը և աշխարհի առաջընթացը, ուրեմն բոլոր ջանքերը այս ոլորտում ունենալու են կոսմետիկ իմաստ։
Ի՞նչ առողջապահական համակարգ ենք ուզում ունենալ։ Մեկն այս հարցին պատասխանե՞լ է։

Ինչպիսի՞ գյուղատնտեսություն ենք տեսնում 5-10-20 տարվա հեռանկարում։ Հետևաբար՝ ի՞նչը պետք է խրախուսենք, ինչի՞ն օգնենք և որտե՞ղ փնտրենք գործընկերներ։

Կարող ենք տասն անգամ Մշակույթի նախարարությունը փակել ու բացել, լուծարել ու վերականգնել, ու բան չփոխվի։ Բայց մի օր պետք է ի վերջո հասկանալ՝ ինչ ենք ուզում մենք մշակույթից, ինչպիսին պետք է լինի մշակութային հայեցակարգը մեր երկրում, ինչպես և ինչ ենք ստեղծում, ինչ ենք արտահանում, ինչն ենք պահպանում, ինչից ենք հրաժարվում։

Եվ այսպես, ոլորտ առ ոլորտ հարցականների տակ դնելով, գալու ենք հայ-ադրբեջական հակամարտությանը։ Ի վերջո ինչպե՞ս ենք մենք պատկերացնում այդ հակամարտության լուծումը։ Ինչպե՞ս ենք մենք տեսնում մեր հարաբերությունները մեր հարևանների հետ։ Խոսքը կենացի մասին չէ, ցանկությունների մասին չէ։ Խոսքն իրական պատկերացումների մասին է (այս մասին կխոսենք առանձին):

 

Հակառակ դեպքում ստացվում է, որ մենք ուզում ենք փոփոխություններ, զարգացում, բայց այդ փոփոխությունների ցանկալի վերջնարդյունքի մասին չունենք որևէ պատկերացում։ Այդ պատկերացումները չունի ո՛չ լայն հասարակությունը, ո՛չ վերնախավը, ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը, որ մտավորականությունը։ Այսպես մենք կդառնանք էքսպերիմենտալ պետություն, իսկ դրա հեռանկարները հաշվարկելը բարդ չէ։ 

Հիմա՝ լուծումների մասին 

Պետությունն իր ողջ ռեսուրսներով պետք է տրամադրվի աշխատանքի։ Պետության և հայ ժողովրդի շարժիչը պետք է միացնել։ Հիմա մենք ինքնահոսի մեջ ենք, և այդպես է արդեն մի քանի տարի։ Ահա այստեղ է, որ ժամանակը քիչ է. անգործության ևս մի փուլ, ու նկատելի հետ կընկնենք ոչ միայն աշխարհից, այլև հարևաններից։

Կան նախապայմաններ՝ չխուսափել որևէ բարդ հարցից, չխաբել ինքներս մեզ որևէ հաճելի գաղափարով։

Պետք է սովորել լսել առարկություններ, լսել դիտողություններ, ընդունել սխալները, արդյունքում՝ գտնել ավելի լավ լուծումներ և գնալ առաջ։

Պետք է գտնել խնդիրների արմատները և լուծել դրանք խորքից, վերջապես մոռանալ սիմպտոմատիկ լուծումների ճանապարհը։ Փոխել է պետք շատ խնդիրներին նայելու տեսանկյունը։ Օրինակ. 30 տարի է՝ մշակութային քաղաքականության առաջնահերթ խնդիր է համարվել դահլիճը լցնելը. մեծ հաշվով՝ անարդյունք։ Վերջապես փոխել է պետք այդ մոտեցումը, և խնդիր դնել՝ «լցնել բեմը», հանդիսատեսին կրթելու համար նախ՝ կրթել բեմը, ստանալ որակյալ բեմ։ Արդյունքում՝ արդեն որպես երկարաժամկետ նպատակ, ստանալ ոչ միայն լավ երաժիշտ, արտիստ, բեմադրիչ, այլև՝ լավ ունկնդիր, նաև այդ ճանապարհով կրթել ունկնդրին։ Սա՝ որպես մի ճանապարհ։ Այս մոտեցման ամենալավ ապացույցը՝ վերջին 5-7 տարիներին էապես աճել է ակտիվ ընթերցողների թիվը, որովհետև նպատակային քաղաքականության արդյունքում՝ լուծվել է ընթերցվելիքի որակը և քանակը։ Լավ գրականություն է տպվում, լավ թարգմանություններ են արվում։

Փոխենք հանրակրթության առաջ դրվող խնդիրները, դուրս գանք դաս-քննություն-թվանշան եռանկյունուց։

Առողջապահության ոլորտից մի օրինակ. Ստեփանակերտի նորակառույց բազմապրոֆիլ հիվանդանոցը խնդիրների համալիր լուծման մոդել կարող է ծառայել։ Հսկա շքեղ մի կառույց, որի ուղղությամբ չեն հոսում Գորիսի, Ղափանի և Հայաստանի այլ՝ Արցախին մոտ գտնվող համայնքների շահառուները (փոխարենը՝ նրանք գալիս են Երևան), Ստեփանակերտից էլ են գալիս Երևան։ Ստեփանակերտն այս համայնքներին շատ ավելի մոտ է, քան՝ Երևանը։ Հիվանդանոցը կարիք ունի որակյալ մասնագետների։ Սա հայտնի խնդիր է։ Ի՞նչն է մեզ խանգարում լուծել այն։ Բարձրակարգ բժիշկներ գործուղենք, նոր ծառայություններ ու ժամանակակից ստանդարտներ ապահովենք։ Շենքը շքեղ է, բուժտեխնիկան՝ ժամանակակից, սրանով մենք կլուծենք միաժամանակ մի քանի հարց։

Արցախի ներսում խաղաղ և կազմակերպված կյանքը, այդ թվում՝ ենթակառուցվածքային ժամանակակից լուծումներով, Արցախի անվտանգության ամենակարևոր երաշխիքներից է։ Արցախի ու Հայաստանի կապը հենց այսպիսի կենսական կարևորության ոլորտների միջոցով պիտի ամրանա՝ զարկերակային կապ դառնա. կոսմետիկ պաթետիկ լուծումների վրա հենվելն ապահով չէ։ Նման տարբեր համալիր լուծումներով, տարբեր ոլորտներում մենք կստանանք Արցախի և Հայաստանի իրական ինտեգրացիա։

Բարեփոխումների այլընտրանքը ոչ միայն հնարավոր սխալ քայլերն են, այլև, ինչը մինչ այժմ ավելի տեսանելի է եղել, անշարժությունն է, իներցիան։ Մի բան հստակ հասկանանք. Արամի 23-ի պատի փլուզումն իրականում որոշ գերատեսչությունների և նոր ոլորտային կառավարիչների 8-ամսյա անգործության հետևանքն էր։

Բարեփոխումների չգնալու, հստակ գործունեություն չծավալելու դեպքում փլուզվելու են պետության այլ, շատ ավելի կարևոր պատեր, հենասյուներ։

Նախաձեռնությունների հաջող ընթացքի համար պետք է կարողանալ գրագետ հաշվարկել և կիրառել երկրի սուղ ռեսուրսները, այդ թվում՝ մարդկային։ Ներկա իշխանությունը պետք է վերջապես ընդունի, որ նախկին իշխանություններում եղել են գրագետ, բարձր պրոֆեսիոնալ և ծավալուն տեղեկատվության տիրապետող մարդիկ՝ բոլոր ոլորտներում՝ տնտեսություն, ներդրումներ, արտաքին քաղաքականություն, տարածքային կառավարում, դատաիրավական համակարգ և այլն։ Նոր Հայաստանը չի կարող դառնալ «ԻՄ Հայաստանը»։

«Կառուցելու փուլը» սկսելու համար չափազանց կարևոր է տարբեր խավերի մասնակցելիության խնդիրը լուծելը՝ հետևյալ բանաձևով. տվյալ ոլորտի բարեփոխումն իրականացվում է հենց տվյալ ոլորտի ակտիվ, բովանդակային ներգրավմամբ, ոչ թե՝ ի հեճուկս նրանց կամ կոտրելով դիմադրությունները։ Ողջ երկիրն իր ողջ պոտենցիալով պետք է ներգրավել աշխատանքում։ Սա է կոչվում պետության շարժիչը միացնել»։