5 տոկոս տնտեսական աճը բավական լավ, հավակնոտ ցուցանիշ է. Տիգրան Խաչատրյան

Երբ տնտեսությունը կառուցվածքով է փոխվում, առաջ են գալիս արդյունաբերության նոր ճյուղեր, որ պետք է ավելի մեծ դերակատարում ունենան տնտեսական կյանքում

Տնտեսական աճի համար կառավարության ծրագրում նշված 5 տոկոսը բավական լավ, հավակնոտ ցուցանիշ է՝ չնայած, որ արժեքի տեսանկյունից, կարող էր և լինել ավելի բարձր։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: 

«Երբ տնտեսությունը կառուցվածքով է փոխվում, առաջ են գալիս արդյունաբերության նոր ճյուղեր, որ պետք է ավելի մեծ դերակատարում ունենան տնտեսական կյանքում, և դրանք պետք է տեղի ունենան՝ ի հաշիվ արտահանման նոր շուկաներ գրավելու»,-ասաց նա:

Նշելով, որ աշխարհում միջինը 3.7 տոկոս տնտեսական աճ է արձանագրվում՝ Տիգրան Խաչատրյանն ասաց, որ 5 տոկոսը վերաբերում է ծրագրային ժամանակահատվածում՝ «առնվազն՝ այսինքն, ոչ պակաս–գերազանցող և միջին հաշվով, կարող է լինել 1 տարի՝ 4.5, բայց 1 տարի՝ 6»։

Անդրադառնալով ավելինի հնարավորության մասին՝ նա նշեց. «Թե մեր ցանկությունները, թե ձեր ցանկություններն այն են, որ մենք ապահովենք այնպիսի պայմաններ, որ տնտեսական աճը լինի ավելի բարձր։ Բայց ամեն ինչ պետք է ունենա հիմք։ Հիմքը ներդրումներն են։ Եթե կառավորությանը հաջողվի, իսկ կառավարությունը կանի ամեն բան, որ դա տեղի ունենա, ծրագրային ժամանակահատվածի ավարտին կայունացնել ներդրումները՝ հիմնական միջոցներով ներդրումները համախառն ներքին արդյունքի նկատմամբ 23-25 տոկոս միջակայքում, ապա վստահ եղեք, որ դրան հաջորդող ժամանակահատվածներում մենք խոսելու ենք ավելի բարձր աճերի մասին»։