Հիպոտեկային վարկավորման աճի տեմպը մեծանում է. վարչապետ

Հեղափոխությունից հետո բանկերը, ըստ էության, տրամադրել են նույնքան հիպոտեկային վարկ, որքան ողջ 2017 թվականի ընթացքում

2018 թվականին հայաստանյան բանկերի տրամադրած հիպոտեկային վարկերի ծավալը 20 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հեղափոխությունից հետո բանկերը, ըստ էության, տրամադրել են նույնքան հիպոտեկային վարկ, որքան ողջ 2017 թվականի ընթացքում, իսկ բանկային տոկոսադրույքները շարունակաբար նվազում են:

Ընդ որում, հիպոտեկային վարկավորման աճի տեմպը մեծանում է՝ հատկապես կառավարության որոշումների ազդեցության ներքո:

«Բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակներում՝ 2018թ. նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի նկատմամբ աճը՝ 41 տոկոս, դեկտեմբերը դեկտեմբերի նկատմամբ աճը՝ 85 տոկոս, 2019 թվականի հունվարը 2018 թվականի հունվարի նկատմամբ՝ աճը 131 տոկոս:

131 տոկոս. սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության ազատ, իրավատեր, երիտասարդ քաղաքացին ապագան կապում է սեփական հայրենիքի, բացառապես սեփական հայրենիքի հետ»,- գրել է վարչապետը: