«Ազատության» փոխանցմամբ՝ «Սուրմալու»-ի տնօրենը պնդում է, թե իրենք վերացրել են նախորդ տարի հայտնաբերված հակահրդեհային կանոնների շուրջ երկու տասնյակ խախտումները։
Նախօրեին առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունից հետո տեսչական մարմինը հայտարարեց, որ «Սուրմալու»-ում 2021-ի ստուգման ընթացքում հայտնաբերված խախտումները վերացված չեն եղել։
Առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան, «Ազատության» հետ կարճ հեռախոսազրույցում, այսօր միայն հերքեց տեսչական մարմնի հայտարարությունը՝ արագ անջատելով հեռախոսը։
«Վերացրել է խախտումները, մենք խախտում չենք ունեցել», – ասաց Մադաթովան։
Ավելի քան 3000 քառակուսի մետր մակերեսով տոնավաճառում քաղաքաշինական և հակահրդեհային կանոնների շուրջ 20 խախտումները վերացնելու համար տեսչական մարմինը «Սուրմալու»-ի ղեկավարությանը ժամանակ էր տվել մինչև նախորդ տարեվերջ։ Դրանից հետո նոր ստուգում չէր իրականացվել։
Մահաբեր պայթյունից երեք օր անց էլ տոնավաճառի ղեկավարությունը դեռ չի հարցաքննվել, փոխանցեցին Քննչական կոմիտեից։
Ինչո՞ւ սեփականատեր Ռազմիկ Զախարյանը չի կանչվել հարցաքննության, այս հարցին իրավապահները չեն պատասխանում։
Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանը փոխանցեց միայն, որ հարցաքննվել է մոտ երկու տասնյակ մարդ՝ հիմնականում տուժողներ։ Դեռևս չկան կասկածյալներ ու մեղադրյալներ։
«Հարցաքննվողների մեծ մասը վարձակալներն են, նրանք հանդիսանում են նաև տուժողներ։ Պարզվում է առևտրի կենտրոնի տարածքում գործունեություն իրականացնող սեփականատերերի, աշխատակիցների ինքնությունները, հանձնարարություններ է տրվել հետաքննության մարմիններին», – ասաց Թադևոսյանը։
Հարցաքննություններին զուգահեռ իրավապահները դեպքի վայրում փորձագետների հետ միասին զբաղված են դեպքի վայրի զննությամբ։
«Ես չեմ կարծում, որ քննիչներն այսքան շուտ կարող են տեղեկատվություն տալ՝ իրականում ինչից է առաջացել հրդեհ, որովհետև դեռ աշխատանքները շարունակվում են այնտեղ, որոնողական աշխատանքներ»,- ասաց կոմիտեի խոսնակը։
«Սուրմալու»-ի սեփականատեր, 86-ամյա Ռազմիկ Զախարյանի հետ կապվել չի հաջողվում։ Բիզնես գործունեությամբ զբաղվող Զախարյանը քաղաքական անցյալ ունի՝ 1991-ին եղել է Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր, «Հանրապետություն» պատգամավորական խմբի անդամ։
0Comments