Ապրիլի 16-ին՝ ժամը 00:30, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնեց ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման` 73 օր տևողությամբ: Այս մասին հայտնում են Հայկական ատոմային էլեկտրակայանից:
ՊՆՎ-2022-ի ընթացքում նախատեսվում է իրականացնել հետևյալ հիմնական աշխատանքները՝ – ռեակտորի միջին վերանորոգում՝ ակտիվ գոտու մասնակի վերաբեռնմամբ, – թիվ 4 և 5 գլխավոր շրջանառու պոմպերի հիմնանորոգում, – թիվ 1 և 6 գլխավոր շրջանառու պոմպերի ընթացիկ վերանորոգում, – թիվ 4 և 5 շոգեգեներատորների հիմնանորոգում, – տուրբագեներատորների միջին վերանորոգում:
ՊՆՎ-2022-ի ընթացքում շարունակվելու են ակտիվ գոտու վթարային հովացման, հուսալի սնուցման և սպրինկլերային համակարգերի, ինչպես նաև տուրբինային տեղակայանքի օժանդակ համակարգերի արդիականացման աշխատանքները: Նախատեսվող աշխատանքներում ՀԱԷԿ-ի հիմնական արտադրամասերի աշխատակիցներից բացի ներգրավված են Ռուսաստանի Դաշնության, Խորվաթիայի, Սլովակիայի, Չեխիայի և այլ երկրների մասնագետներ, որոնք ատոմակայանների համակարգերի և սարքավորումների վերանորոգման հարուստ փորձ ունեն:
Գործընթացում ուրույն դերակատարում ունեն նաև ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի մասնագետները: ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը նախատեսվում է ս/թ հունիսի 28-ին:
0Comments