ՌԴ-ից 10․000 դոլարը գերազանցող կանխիկ արտարժույթի արտահանման արգելքը տարածվում է նաև ԵԱՏՄ անդամ պետությունների վրա․ ՊԵԿ

Մանրամասներ
ա

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Հատուկ տնտեսական միջոցառումների և հարկադրված միջոցառումների մասին» Ռուսաստանի Դաշնության 2006 թվականի դեկտեմբերի 30-ի № 281-Ф3 օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից որոշում է ընդունվել կիրառելու հատուկ տնտեսական միջոցառում:

Որոշման համաձայն, արգելվում է Ռուսաստանի Դաշնությունից 10․000 ԱՄՆ դոլարը գերազանցող կանխիկ արտարժույթի և (կամ) արտարժույթով արտահայտված ֆինանսական գործիքների արտահանումը (Ռուսաստանի Դաշնության նախագահի 2022 թվականի մարտի 1-ի «Ռուսաստանի Դաշնության ֆինանսական կայունության ապահովմանն ուղղված տնտեսական բնույթի լրացուցիչ ժամանակավոր միջոցառումների մասին» № 81 հրամանագրի 1-ին կետի «ж» ենթակետ)։

Նշված արգելքը տարածվում է Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ արտարժույթի արտահանման վրա (ներառյալ նախկինում ներմուծված), այդ թվում` ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետություններ: Արգելքը կիրառվում է իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ՝ անկախ վերջիններիս կարգավիճակից (ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ)։

10․000 ԱՄՆ դոլարը գերազանցող կանխիկ արտարժույթի և (կամ) արտարժույթով արտահայտված ֆինանսական գործիքների հայտնաբերմանն ուղղված միջոցառումներն իրականացվում են սահմանային հսկողության վայրերում՝ ֆիզիկական անձանց դիտարկման և հարցման ճանապարհով։

Արտահանման համար արգելված ֆինանսական միջոցների և ֆինանսական գործիքների հայտնաբերման դեպքում՝ դրանք չեն առգրավվում և պատասխանատվության ենթարկելու միջոցառումներ չեն կիրառվում։ Տրամադրվում են պարզաբանումներ՝ ֆիզիկական անձանց ընտրությամբ և հայեցողությամբ արտարժույթը հասանելի միջոցներով Ռուսաստանի Դաշնությունում թողնելու վերաբերյալ։