Բրիտանացիները փնտրում են ուղղաթիռներ եւ ինքնաթիռներ, որոնք պատկանել են պատժամիջոցների տակ հայտնված ռուս գործարարներին։ Նրանք դիմել են Մեն կղզու իշխանություններին, որպեսզի գրանցումից հանեն «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի անձնական ուղղաթիռը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տրանսպորտի նախարարության աղբյուրին։
Աբրամովիչն այն յոթ ձեռնարկատերերի թվում է, որոնք հայտնվել են բրիտանական պատժամիջոցներիի տակ, իսկ դա նշանակում է, որ երկրում նրանց ակտիվները, հիմնականում՝ անշարժ գույքը, մասնավոր ինքնաթիռներն ու ուղղաթիռները, կսառեցվեն, եւ նրանց հետ ֆինանսական գործարք չի կարող կնքվել:
Պատժամիջոցները նաեւ կասկածի տակ են դնում «Չելսին» վաճառելու Աբրամովիչի ծրագրերը՝ փաստացիորեն պետական վերահսկողության տակ դնելով Եվրոպայի գործող չեմպիոններին: Թիմը կարող է շարունակել խաղալ, բայց կառավարությունն ասում է, որ բաց է ակումբը վաճառելու համար, եթե Աբրամովիչը շահույթ չստանա։
Մեն կղզին, որը վարում է սեփական ավիացիոն ռեեստրը, արդեն հաշվառումից հանել է Ռուսաստանի հետ կապ ունեցող ութ ինքնաթիռ:
0Comments