Ադրբեջանը կեղծ քարտեզներ է ներկայացնում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քարտեզագիր, աշխարհագրագետ Գրիգոր Բեգլարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ներկայացված քարտեզներին և ՀՀ տարածքը մտնելուն:
«Դժբախտաբար այսօր վերականգնվում է խորհրդային միության ներքին վարչական սահմանները՝ ՀԽՍՀ և Ադրբեջանի ԽՍՀ ներքին վարչական սահմանները, այդ սահմանը կիսում էր Սև լիճը, Հյուսիսային փոքր կազմը Ադրբեջանի ԽՍՀ կազմում էր, բայց հիմա ամբողջն են ուզում, քանի որ դուռը բացել են, մտել են Հայաստան։ Նույնիսկ այդ քարտեզների հիման վրա Ադրբեջանը ներկայումս ներխուժել է մեր սուվերեն տարածք, իսկ այդ քարտեզները հիմա հեշտ է ուսումնասիրել, քանի որ սովետական միությունը ապագաղտնիացրել է դրանք»,-ասաց նա։
Հարցին`որ քարտեզների հիման վրա պետք է սահմանազատում արվի, նա պատասխանեց՝ ԽՍՀՄ գլխավոր շտաբի տոմոգրաֆիկ քարտեզների հիման վրա, բայց ոչ թե տառացիորեն կրկնելով դրանք, այլ դրանց հիման վրա պետք է բանակցել։ «Սովետական միության, այսպես ասած, ազգային քաղաքականությունը «բաժանիր և տիրիր» սկզբունքի վրա էր հիմնված, ահավոր սահմաններ էին ամեն տեղ գծված, բայց դժբախտաբար վերջին պաշտոնական քարտեզները դրանք են»,-ասաց նա և նշեց, որ ոչ մի փաստաթուղթ, ոչ մի իրավական հիմք չկա հենց այդ սահմանը վերականգնելու, բայց կարելի է դրանց հիման վրա բանակցել։
«Ադրբեջանական կողմը Սև լճի հատված է եկել ամբողջությամբ։ Պաշտոնական տվյալներով 3,5 կիլոմետր են խորացել, բայց դա ուղիղ գծով, եթե հաշվի առնես տեղանքը և ճանապարհները, իրենք 5-6 կլիոմետր խորացել են մեր տարածք և այս պահի դրությամբ ամբողջությամբ ռազմակալել Սև լիճը։ Աշխարհում այդպիսի քարտեզ գոյություն չունի, որ Սև լիճը իրենցն է, առհասարակ, այդպիսի քարտեզ գոյություն չունի, որտեղ լինի Ադրբեջան անկախ պետություն, Ադրբեջան տեղանունը հայտնվել է 1922 թվականին»,-ասաց նա և նշեց, որ ոչ մի զիջման չպետք է գնալ մեր տարածքներից։
Ինչ վերաբերում է միջազգային իրավունքին, նա ասաց՝ միջազգային իրավունքը ճանաչում է երկու պետությունների միջև կնքված պայմանագիր, իսկ սահմանի մասին պայմանագիրը կնքվում է դելիմիտացիայից և դեմարկացիայից հետո։ «Իսկ դելիմիտացիա և դեմարկացիա Ադրբեջանի հետ այս իշխանությունը չի կարող անել, կամ անելու է՝ ի վնաս մեզ, որն արդեն արվում է ամբողջ երկայնքով։ Ես համոզված եմ, որ այս կառավարությունից ոչ մեկ չգիտի, որ ԽՍՀՄ ժամանակ այդ վարչական կոչված սահմանի տեղանքում փորվում էին փոսեր, այդ փոսերի մեջ լցվում էր կոտրված ապակի և այդ միջոցով նշվում էր տեղանքում ներքին վարչական սահմանները»,–ասաց նա:
Հարցին՝ քանի որ պայմանագիր չկա, մենք կարո՞ղ ենք միջազգային հարթակներում ապացույցներ ներկայացնել, որ դա մեր սուվերեն տարածքն է, քարտեզագիրը նշեց․ «Կարող ենք, իհարկե, որովհետև սուվերեն տարածքը չի պարունակում միայն ներկայիս պետության, այսպես ասած, դելիմիտացված և դեմարկացված տարածք, սուվերեն տարածքի հասկացողության մեջ մտնում է նաև պատմական իրողությունը, պատմական արդարությունը»,–ասաց նա։
Ըստ նրա՝ այս իշխանության կողմից դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելը կործանարար է լինելու մեզ համար։ «Այս կառավարությունը պետք է ռազմական տրիբունալով դատվի և մահապատժի ենթարկվի, ես ուրիշ ելք չեm տեսնում։ Հիմա մենք կորցրել ենք Սյունիքից մոտավորապես տասը քառակուսի կիլոմետր՝ Շուռնուխի և Որոտանի հատվածներում, Սև լճում 12-13 քառակուսի կիլոմետր ադրբեջանցիների ձեռքին է, ապոկալիպսիսը արդեն կատարվում է»,–ասաց նա։
0Comments