Ինստագրամից հայտնի Դիանա Տոռեսը սիրում է ընդգծված բարեմասնություններով ներկայանալ

Մանրամասներ

Արտաքնի հետ կապված ամենափոքր բարդույթը կարող է վերաճել թերաժեքության։ Որքան էլ հայտնիներն ու «շապիկի աղջիկները» գեղեցիկ են, երբեմն էլ, գեղեցկության չափանիշներ թելադրող, իրենք էլ ունեն իրենց բարդույթները։

Ինստագրամից հայտնի Դիանա Տոռեսը հեռուստատեսային իր դեբյուտն արել է «Կինստագրամ» նախագծում։ Ինչպես ֆոտոշարքերում, այնպես էլ էկրանին, Դիանան սիրում է ընդգծված բարեմասնություններով ներկայանալ։ Նրան հաճախ վերագրում են մի շարք կոսմետիկ միջամտություններ, սակայն մեզ հետ զրույցում Դիանան պնդեց, որ ո՛չ քթի, ո՛չ այտոսկրերի, ո՛չ շրթունքների ձևի փոփոխության չի դիմել։
Պատանեկության տարիներին նա մի շարք բարդույթներ է ունեցել, որոնց մասին պատմել է Tert.am Life-ին։ Դիանան ժպիտով նշեց, որ դրանցից մի քանիսն իրեն մինչ օրս ուղեկցում են։

«Բարդույթներ ունեցել եմ հասակիս, քաշիս ու գերզգայուն մաշկիս հետ կապված։ Քաղցրավենիք շատ եմ սիրում, չեմ կարողանում լիարժեք հրաժարվել։ Դրա հետևանքով մաշկիս հետ տարբեր խնդիրներ էին առաջանում, ամբողջ դեմքիս ցանի նման անհարթություններ էին լինում։ Դրանից բավականին նեղվում էի, բարդութավորվում ու տոնային քսուկ շատ էի օգտագործում։ Վերջին մի քանի տարվա ընթացքում երկար պայքարն արդյունք տվեց, բարեբախտաբար, հիմա այդ խնդիրը չունեմ։ Աղջիկներին խորհուրդ կտամ, որ քաղցրավենիքն ինձ պես չչարաշահեն, քանի որ ապացուցված է՝ շոկոլադից զգայուն մաշկի վրա ցան է հայտնվում»,-ասաց Դիանան։

Շարունակելով խոսել բարդույթների մասին՝ Դիանան նշեց, որ պարբերաբար նեղվում է հասակից ու քաշից․ «Միշտ մտածել եմ, որ 1.60 սմ լինելով՝ կարճահասակ եմ։ Տարիների հետ համակերպվեցի դրա հետ, չնայած հիմա էլ երբեմն ասում եմ, որ ցանկալի կլիներ բարձրահասակ լինեի։ Բարդույթներս տարիների հետ անցան, սակայն հիմա դրանցից մեկը վերադարձել է։ Կարանտինի շրջանում քաշս բավականին ավելացել է, պետք է լուրջ տրամադրվեմ սննդակարգ պահելու և մարզվելու համար։ Սա, կարծում եմ, շատերիս մոտ է հիմա խնդիր։ Գիրացել եմ չորս կիլոգրամով, կարճ ժամանակ առաջ ես կշռում էի 54 կգ, հիմա 58 կգ եմ»։

Դիանան նշեց, որ ներկայումս փորձում է հնարավորինս զերծ մնալ բարդույթներից և տարիների ընթացքում մշակել է բարդույթներին հակահարվածելու իր տարբերակը։

«Անգամ ամենագեղեցիկ մարդիկ են ունենում տարբեր բարդույթներ՝ չպետք է շատ նեղսրտել։ Յուրաքանչյուր թերության մեջ էլ կարելի է գտնել մի լավ կողմ, որը նեղվելու ընթացքում չենք նկատում։ Պիտի հայելու առաջ կանգնենք և ասենք՝ ես գեղեցիկ եմ ու վերջ։ Եթե ամեն առավոտ արթնանաս նման տրամադրությամբ, հաստատ կյանքումդ շատ բան է փոխվելու։ Որքան տխրում ենք, այնքան չենք ուզում տեսնել մեր գեղեցիկ կողմերն ու կենտրոնանում ենք վատի վրա։ Հոգեբանական տեսանկյունից սա շատ արդյունավետ է»։

Դերասանուհին վստահեցրեց, որ չնայած բարդույթներին, ինքն արտաքին որևէ փոփոխություն չի արել։ Մեր հստակեցնող հարցին, որ խոսքը ոչ միայն վիրահատական միջամտության մասին է, այլև, առհասարակ, կոսմտիկ շտկումների՝ օրինակ՝ շրթունքների ծավալի մեծացման կամ այտոսկրերի փոփոխման, Դիանան պատասխանեց․ «Շատ են հարցնում, բայց իսկապես չեմ դիմել։ Շրթունքներս դիմահարդարման արդյունքում է հնարավոր լինում այդպես ընդգծել։ Մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, թե լցրած է։ Արդեն սովորել եմ, որ մարդիկ չեն ուզում ընդունել՝ ես առանց միջամտությունների այսպիսին եմ ու այսպիսին եմ եղել միշտ։ Ով ինչ ուզում է, թող մտածի կապված արտաքնիս հետ, որովհետև ինձ մտերիմ մարդիկ գիտեն, որ ոչ մի միջամտություն չեմ արել․ ամենը բնական է, թե մյուսներն ինչ են կարծում, չեմ կարևորում»։