Այն, որ որոշ «ուժեր» ծրագրավորել են Հայաստանի Մեծամորի ատոմակայանը փակել, այլևս անվիճելի է

Չմոռանանք, որ հարևան Թուրքիան և Ադրբեջանը  կառուցում և պլանավորում են կառուցել մի քանի ատոմային էլեկտրակայան

1

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ատոմակայանը փակելու ռիսկերը՝

Այն, որ որոշ «ուժեր» ծրագրավորել են Հայաստանի Մեծամորի ատոմակայանը փակել, այլևս անվիճելի է:

ՀՀ-ի` մի կողմից և եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 42-րդ հոդվածի 2-րդ կետի «g» ենթակետի համաձայն՝ … Այդ ոլորտում համագործակցությունը պետք է ներառի՝ (ii) Մեծամորի ատոմային էլեկտրակայանի փակումն ու անվտանգ ապագործարկումը և այդ առումով ճանապարհային քարտեզի կամ գործողությունների պլանի հնարավորինս շուտ ընդունումը՝ հաշվի առնելով նոր հզորությամբ դրա փոխարինման անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը և կայուն զարգացման պայմաններն ապահովելու նպատակով:
Որպեսզի պատկերացնենք ատոմակայանի հզորությունը, նշեմ, որ 2018 թվականի միայն ներքին սպառման համար Էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրանքի ծավալում  ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիան կազմել է 32 տոկոս կամ  2076,1 մլն. կՎտժ:

Ստացվում է, որ գործող Մեծամորի ատոմակայանը տարբեր պատճառներով տանում են փակելու, փոխարենը իբրև պետք է կառուցեն նոր ատոմակայան և փոխարինող արևային կայաններ:
Մինչդեռ, սրանով մեզ գցելու են տեխնիկական ծուղակը ու նոր ատոմակայանի մասին խոսք լինել չի կարող, պարզապես այն պատճառով, որ երկրում առկա բարձրավոլտ ցանցում այլևս չի մնա առկա ազատ թողունակություն (դա այսօր էլ չնչին է)։ Նոր թողունակության հզորությունները (ներառյալ` հյուսիսային և հարավային ուղղությամբ արտահանման գծերը) կառուցելու համար անհրաժեշտ են մեծ ներդրումներ և երկար ժամանակ, որը չունենք։ Ըստ էության, կհայտնվենք մի վիճակում, երբ որևէ ներդրում ատոմակայան կառուցելու համար այլևս չի ունենա ո'չ ֆինանսական նպատակահարմարություն և ո'չ էլ տեխնիկական հնարավորություն։

Այսպիսով, ռազմավարական առումով չի կարելի Մեծամորի ատոմակայանը փոխել արևային կայանով, այլ կերպ ասած, ԱՏՈՄԸ` ԱՊԱԿԻՈՎ: Չմոռանանք, որ մենք պատերազմի ռիսկով շրջապատված երկիր ենք։ Մի բան է, երբ ունենանք ատոմային կայան, որի ուղղությամբ դժվար է պատկերացնել, որ կկրակեն (դա վտանգ կներկայացնի ամբողջ տարածաշրջանի համար, ոչ միայն Հայաստանի), մեկ այլ բան է, երբ ունենանք արևային կայան, որի ուղղությամբ մեկ հրթիռ ուղարկելու դեպքում, օրինակ` Մազդարի 400 մեգավատ արևային հզորությունը կարելի է միանգամից չեզոքացնել։

Հ.Գ. Չմոռանանք, որ հարևան Թուրքիան և Ադրբեջանը  կառուցում և պլանավորում են կառուցել մի քանի ատոմային էլեկտրակայան։ Մենք կարիք չունենք նրանց նման անցնել շուրջ տասը տարի ճանապարհ, մինչև ստանանք ՄԱԳԱՏԷ-ի համաձայնությունը։ Մեր բազան պատրաստ է և հավանություն ստացած»։

ա