Սոթքը արդեն Հայաստանն է, հասկանու՞մ եք. ու՞ր է պետությունը, ինչու՞ են այսպես անարգել կոտրում Հայաստանի դռները

Նիկոլ Փաշինյան, անցնցում հեռացի՜ր, թույլ տուր փրկել պետությունից այն, ինչ դեռ հնարավոր է փրկել

սոթք

Մենք այսօր գտնվում ենք անորոշության և անտեր վիճակում: Այս մասին Ազգային ժողովում ասաց ԱԺ արդեն անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Ինչու է հայ քաղաքացին ադրբեջանցի զինվորականի հետ մնացել մեն մենակ, ուր է մեր սահմանապահ ծառայությունը, ուր է մեր բանակը, ուր են խաղապահները և ուր է պետությունը, որպես ինստիտուտ, և ինչու է քաղաքացին ադրբեջանցուն խնդրում, որ իր տանից թողի իր իրերը դուրս հանի, մենք ուր ենք հասել»,-ասաց նա:

Նա նշեց, որ հասկացանք պարտվել ենք, բայց հիմա խնդիրներ կան, որ չեն լուծվում: «Ինչն է մեր խնդիրը, ինչու ենք մենք կազմաքանդվել: Ես ահազանգեր ստացա,  որ խնդիր ունենք այս պահի  Քարվաճառի սահմանին, երեկ դրված Քարվաճառի դարպասները այսօր արդեն կոտրվել են և իրենք առաջ են գալիս: Դա մեղմ ասած խայտառակություն է»,-ասաց նա և նշեց, որ այդ ինֆորմացիան հաստատվել է , իսկ հանք ներխուժելու մասին ինֆորմացիան չհաստատվեց:

«Եթե այս ընթացքում պարզվի, որ ազերիները մտել են ոսկու հանք, Սոթքը արդեն Վարդենիսի տարածք է, եթե այնտեղ ներխուժել են, սա լրջագույն խնդիր է»,-ասաց նա: Նա կոչ արեց պաշտպանել վարդեսցիների իրավունքները, մարդիկ միայնակ են մնացել: 

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ադրբեջանցիները Քարվաճառի դարպասները ադրբեջանցիները դեն են նետել և առաջ շարժվել:

«Այս պահին նրանք Սոթքի տարածքում են: Սոթքը արդեն Հայաստանն է, հասկանու՞մ եք:
Ու՞ր է պետությունը, ինչու՞ են այսպես անարգել կոտրում Հայաստանի դռները:
Կա՞ այս երկրում իշխանություն:

Նիկոլ Փաշինյան, անցնցում հեռացի՜ր, թույլ տուր փրկել պետությունից այն, ինչ դեռ հնարավոր է փրկել»,-գրել է նա:

Սոթքի հանքում ադրբեջանցիների ներխուժման մասին ահազանգել էր նաև ԼՀԿ խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը։

Նա նշել է, որ Սոթքի հանք են ներխուժել ադրբեջանցի 80 զինվորականներ։

ՀՀ ՊՆ-ն  հերքել է այս տեղեկությունը․ շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի զինվորականներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը` չեն համապատասխանում իրականությանը: