Գորիս-Լաչին ճանապարհը բնականոն աշխատում է․ Արծրուն Հովհաննիսյան

Մանրամասներ

Գորիս-Լաչին ճանապարհը բնականոն աշխատում է։ Ապատեղեկատվություն մի տարածեք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով Պոլոնեզ և Սմերչ համակարգեր: Նա նշել էր, որ Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական խոշոր օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները:

«Ադրբեջանի բնակչությանը կոչ եմ անում արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար:Այս ամենի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,– գրել էր նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 3-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 14 ինքնաթիռ, 123 անօդաչու թռչող սարք, 355 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 2745 զոհ, ավելի քան 4570 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։