Փոլ Մեյսոնը՝աշխարհի նախկին ամենագեր մարդու համբավն ունեցող մարդը, օգնություն է խնդրել Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայությունից, քանի որ անհանգիստ է իր կյանքի համար։
Ինչպես տեղեկացնում է Daily Mirror-ը, մինչ այդ Փոլի քաշը 444,5 կիլոգրամ էր, իսկ այժմ նիհարել է մինչեւ 228,6 կիլոգրամ։ Բայց նա դեռեւս բավականաչափ առողջական խնդիրներ ունի, եւ վերջին 5 ամիսներին 4 անգամ հիվանդանոց է ընկել։ Փոլը հույս ունի, որ պետհաստատությունը կկարողանա վճարել 100 հազար ֆունտ իր վիրահատության համար։ Նրան ներկա պահին հարկավոր են նոր ծնկահոդեր, ազդրերի վիրահատություն եւ ճողվածքների հեռացում։
Փոլի խոսքով՝ պետությունը բազմիցս օգնել է իրեն, եւ առանց այդ օգնության նա վաղուց արդեն մահացած կլիներ։ Այժմ նա նախարարությունից վերջին շանս է խնդրում։
Մինչ այդ Փոլը վիրահատությամբ փոքրացրել էր ստամոքսը ի հաշիվ առողջապահության ծառայության, ինչից հետո նիհարել է 120,6 կիլոգրամով։ Հետո տղամարդը տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ վիրահատել են՝ ձգելով նրա կախված մաշկը։ Բժշկական հաշիվները նրա ողջ կյանքի ընթացքում կազմել են 1 մլն ֆունտ ստեռլինգ։
Փոլը հավաստիացնում է, որ արժանի է վիրահատման եւ կապացուցի իր կամքի ուժը։ Նա ասել է, որ արդեն հրաժարվել է շոկոլադից, քաղցրեղեններից եւ հացից՝ նիհարելու համար։ Բայց, նրա խոսքով, նա դեռ թուլություն ունի չիփսերի հանդեպ։
0Comments